Կանոնադրություն

«Ազգային վերածնունդ» կուսակցության կանոնադրություն

ընդունվել է «Ազգային վերածնունդ» կուսակցության հիմնադիր համագումարում, 23/02/2013թ.

 

ՀՈԴՎԱԾ 1. «Ազգային վերածնունդ» կուսակցությունը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը (հապավումը՝ ԱՎԿ) Արցախի Հանրապետության քաղաքացիների անհատական անդամակցության հիման վրա ստեղծված ազգային և սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությամբ քաղաքական ուժ է։

«Ազգային վերածնունդ» կուսակցության իրավաբանական հասցեն է ք.Ստեփանակերտ, Աշոտ Գրաշի փողոց, 25 տուն:

ՀՈԴՎԱԾ 2. Խնդիրներ և նպատակներ

«Ազգային վերածնունդ» կուսակցության (այսուհետ՝ Կուսակցություն) գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է։

Ներկա փուլում ԱՎԿ նպատակներն են`

Սոցիալական, իրավական, անվտանգ պետության կայացումը, որին հասնելու ճանապարհները առավել մանրամասն նկարագրված են Կուսակցության Ծրագրում։

Պետության մասնակցությանը տնտեսության մեջ` նպատակ ունենալով ներդրումներ կատարել մասնավորի կողմից ոչ հրապուրիչ ոլորտներում և բնակավայրերում։

Մրցունակ տնտեսական համակարգի կայացումը։

Արտաքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է.

Հայության անվտանգության պաշտպանությանը` որպես կարգախոս ընտրելով «ո’չ այլևս Դեր-էյր-Զոր, ո’չ այլևս Սումգայիթ» նախադասությունը:

Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման` որպես Հայաստանի Հանրապետության մաս կազմելու առաջին քայլ:

Բարեկամական հարաբերությունների հաստատմանը հնարավորինս շատ երկրների և ժողովուրդների հետ, ինչը խարսխված կլինի տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ համագործակցության վրա:

Արցախյան արտադրանքի համար շուկաների որոնմանը, Արցախ ներդրումների ներգրավմանը և հայության համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում արցախյան ներդրումների խրախուսմանը:

ՀՈԴՎԱԾ 3. Անդամակցություն

Կուսակցության անդամակցությունը կամավոր է և անհատական։

Կուսակցության անդամ կարող են լինել 18 տարին լրացած ԼՂՀ քաղաքացիները, որոնք այլ կուսակցության անդամ չեն, կիսում են Կուսակցության գաղափարները և պատրաստ են պայքարել Կուսակցության նպատակների իրագործման համար։

Կուսակցության անդամակցության համար քաղաքացին գրավոր դիմում է Կուսակցության տարածքային կամ Գործադիր մարմին` ունենալով կուսակցության երկու անդամի երաշխավորությունը։ Հիմնադիր համագումարի մասնակիցները համարվում են Կուսակցության անդամ՝ հիմնադիրների մասին տվյալների թերթիկում ստորագրելով։

Կուսակցության անդամներն իրավունք ունեն ընտրել և ընտրվել Կուսակցության բոլոր մարմիններում և վերահսկողություն սահմանել դրանց նկատմամբ։

Կուսակցությունից դուրս գալու հիմքեր են հանդիսանում`

• կուսակցությունից դուրս գալու մասին գրավոր անձնական դիմումը.

• ԼՂՀ քաղաքացիությունը կորցնելը.

• դատարանի կողմից անմեղսունակ ճանաչվելը:

 

ՀՈԴՎԱԾ 4. Կառուցվածքը

Համագումար

Կուսակցության բարձրագույն ղեկավար մարմինը Կուսակցության համագումարն է, որը հրավիրում է Կուսակցության Գործադիր մարմինը, առնվազն երկու տարին մեկ անգամ։

Համապետական ընտրություններից առաջ պարտադիր կերպով հրավիրվում է Կուսակցության հերթական համագումար։

Համագումարի պատվիրակներն ընտրվում են բոլոր տարածքային կառույցների կողմից, կուսակցության գործադիր մարմնի կողմից սահմանված քվոտաների համաձայն: Պատվիրակների ընդհանուր թիվը չպետք է գերազանցի հարյուր հիսունը:

Կուսակցության համագումարը, բացառությամբ հիմնադիր համագումարի, վարում է Տարածքային կառույցների նախագահներից ավագը։ Հիմնադիր համագումարը վարում են կուսակցության նախաձեռնողները։

Կուսկացության համագումարն ուղղակի ընտրությամբ ընտրում է Կուսակցության Գործադիր մարմնի անդամներին, կուսակցության նախագահին, վերահսկիչ մարմնին։

Կուսակցության հիմնադիր համագումարը հաստատում է Կուսակցության կանոնադրությունը, ծրագիրը և ընտրում ժամանակավոր ղեկավար մարմիններ, որոնք կուսակցությունը ղեկավարում են վեց ամսվա ընթացքում, մինչև բոլոր տարածքային կառույցների ձևավորումը և օրենքով հաստատված մինիմալ թվով անդամների առկայությունը։

Համագումարը կատարում է փոփոխություններ և լրացումներ Կուսակցության կանոնադրությունում և ծրագրում։

Համագումարը քննարկում և հաստատում է կուսակցության ընտրովի մարմինների հաշվետվությունները:

Կուսակցության համագումարը իրավազոր է, եթե նրան ներկա են Համագումարի պատվիրակների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը։

Կուսակցության կանոնադրության և ծրագրի ընդունման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Կուսակցության վերակազմակերպման, լուծարման, ինչպես նաև Կուսակցության կողմից հանրապետության նախագահի թեկնածուի առաջադրման մասին որոշումներն ընդունվում են Համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

Կուսակցության համագումարի որոշումները, բացառությամբ կանոնադրությամբ նշված դեպքերի, ընդունվում են համագումարին ներկա պատվիրակների ձայների մեծամասնությամբ։

Արտահերթ համագումար կարող է որոշվել Գործադիր մարմնի որոշմամբ կամ տարածքային կառույցների մեկ երրորդի պահանջով։

Գործադիր մարմինը

Գործադիր մարմինը կուսկացության մշտական գործող ղեկավար մարմինն է և Կուսակցության անունից իրականացնում է նրա՝ որպես իրավաբանական անձի լիազորությունները։

Գործադիր մարմինը ենթարկվում է բացառապես կուսակցության համագումարին և հաշվետու է նրան։

Գործադիր մարմինը բաղկացած է տասնմեկ անդամից։

Ժամանակավոր Գործադիր մարմինը բաղկացած է յոթ անդամից։

Գործադիր մարմինը ձևավորվում է Կուսակցության համագումարում՝ համագումարի կողմից նախօրոք որոշված ընտրակարգով։

Կուսակցության գործադիր մարմինը հաստատում է Ազգային Ժողովի ընտրություններում Կուսակցության համամասնական ցուցակը։

Կուսակցության գործադիր մարմինը տարածքային կառույցների առաջարկությունների հիման վրա որոշում է ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուներին։

 

Կուսակցության նախագահը

Կուսակցության նախագահը  ընտրվում է  Համագումարի կողմից, ուղղակի քվեարկությամբ։ Կուսակցության նախագահի թեկնածու են հանդիսանում Գործադիր մարմնի անդամները։

Կուսակցության նախագահը ղեկավարում է կուսակցության Գործադիր մարմնի նիստերը, ներկայացնում է կուսակցությունը Հանրապետության ղեկավարության, այլ կուսակցությունների հետ հարաբերություններում, վարում կուսակցության միջազգային կապերը։

 

Տարածքային կառույց

Տարածքային կառույցը միավորում է տվյալ շրջանի կամ Ստեփանակերտ քաղաքի անդամներին։

Տարածքային կառույցը կազմված է Տարածքային ժողովից, տարածքային գործադիր մարմնից և խմբերից։

Առնվազն երկու տարին մեկ անգամ հրավիրվող տարածքային ժողովը տվյալ շրջանի և Ստեփանակերտ քաղաքի անդամների ժողովն է, որը որոշումներ կայացնում է մասնակից անդամների ձայների մեծամասնությամբ։

Տարածքային ժողովը ընտրում է տարածքային գործադիր մարմնի անդամներին և տարածքային կառույցի նախագահին։

Տարածքային Ժողովը հանրապետության նախագահի թեկնածության շուրջ կարող է պատրաստել կարծիք, որը համագումարի համար խորհրդատվական բնույթ ունի։

Տարածքային գործադիր մարմինը ղեկավարում է տարածքային կառույցի ամենօրյա գործունեությունը։

Տարածքային գործադիր մարմինը բաղկացած է հինգ անդամից, որոնք ընտրվում են Տարածքային ժողովի կողմից՝ երկու տարի ժամկետով։

Տարածքային գործադիր անդամների միջից ընտրվում է տարածքային կառույցի ղեկավար։

Տարածքային գործադիր մարմինը ԱԺ մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածուների վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում Կուսակցության Գործադիր մարմնին։

Տարածքային գործադիր մարմինը հրավիրում է Տարածքային Ժողով առնվազն երկու տարին մեկ անգամ, համապետական և ՏԻՄ ընտրություններից առաջ՝ պարտադիր կարգով։

Տարածքային կառույցի ղեկավարը ներկայացնում է կուսակցությունը շրջանի ղեկավարության և շրջանում այլ կուսկացությունների տարածքային կառույցների հետ հարաբերություններում։

Կուսակցության Գործադիր մարմնի անդամ չհանդիսացող Տարածքային կառույցի ղեկավարը իրավունք ունի մասնակցել Գործադիր մարմնի նիստերին և հանդես գալ առաջարկություններով, որոնք ենթակա են քննարկման։

Սկզբնական կառույց

Տվյալ համայնքի անդամների կառույցը կուսկացության սկզբնական կառույցն է և կոչվում է խումբ։

Խումբը բաղկացած է առնվազն երեք անդամից։

Խմբի անդամները երկու տարով ընտրում են խմբի նախագահ, որը ներկայացնում է կուսակցությունը համայնքի ղեկավարության և տվյալ համայնքում առկա այլ կուսակցությունների հետ հարաբերություններում։

Խումբը որոշում է տվյալ համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությանը մասնակցելու նպատակահարմարությունը և առաջադրում թեկնածուներ կամ պաշտպանում առաջդրված թեկնածուներին։

Խմբի անդամ չհանդիսացող կուսակցականը միանգամից համարվում է Տարածքային կառույցի անդամ։

Վերահսկիչ մարմին

Վերահսկիչ մարմնի թվակազմը հաստատում և վերահսկիչ մարմնի անդամներին ընտրում է կուսակցության համագումարը` 2 տարի ժամկետով: Վերահսկիչ մարմնի անդամը կուսակցության այլ մարմիններում չի կարող զբաղեցնել ղեկավար պաշտոն:

Վերահսկիչ մարմնի նիստում ընտրում է Վերահսկիչ մարմնի նախագահ: Վերահսկիչ մարմինն իր նիստերը գումարում է ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ: Վերահսկիչ մարմնի նիստը վարում է Վերահսկիչ մարմնի նախագահը, կամ նրա հանձնարարությամբ անդամներից մեկը: Վերահսկիչ մարմնի նիստը իրավազոր է, եթե ներկա են անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Որոշումները կայացվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

Վերահսկիչ մարմինը`

-իրականացնում է կուսակցության ֆինանսական գործունեության վերահսկողություն,

-անցկացնում է ամենամյա ֆինանսական գործունեության ստուգումներ, կազմում է արձանագրություն և ներկայացնում կուսակցության Գործադիր մարմնին.

-համագումարում հանդես է գալիս հաշվետվությամբ

 

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգը

Կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկով կարող դիմել են Կուսակցության բոլոր անդամները և կառույցները։ Դրանք ենթակա են քննարկման Կուսակցության համագումարում։

Կանոնադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարվում են Կուսակցության համագումարի որոշմամբ, որն ընդունվում է Համագումարի պատվիրակների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

 

ՀՈԴՎԱԾ 6. Դրամական միջոցներ և գույք

Կուսակցության դրամական միջոցները գոյանում են անդամավճարներից, օրենքով թույլատրվող նվիրատվություններից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից, այդ թվում՝ պետական բյուջեից։

Կուսակցության սեփականությունը գոյանում է անդամավճարներից, նվիրատվություններից, սահմանված կարգով իրականացված գործունեությունից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Կուսակցության կողմից ստացված, ինչպես նաև նրա սեփական միջոցների հաշվին ստեղծված կամ ձեռք բերված գույքի սեփականատերը կուսակցությունն է։ Կուսակցության անդամը սեփականության իրավունք չունի կուսակցությանը պատկանող գույքի կամ դրա մասի նկատմամբ և պատասխանատվություն չի կրում կուսակցության պարտավորությունների համար։ Կուսակցությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար։

Կուսակցության տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումները սեփականատիրոջ կողմից իրենց հատկացված գույքը տիրապետում և օգտագործում են Կուսակցության Գործադիր մարմնի սահմանած կարգով։

 

ՀՈԴՎԱԾ 7.  Կուսակցության վերակազմակերպումը և լուծարումը

Կուսակցություն կարող է վերակազմակերպվել՝ միաձուլվել, միանալ այլ կուսակցության կամ կուսակցությունների համագումարի որոշումով։

Կուսակցությունն իր գործունեությունը կարող է դադարեցնել կուսակցության համագումարի որոշմամբ։

Կուսակցության լուծարումից հետո մնացած գույքը համագումարի որոշմամաբ փոխանցվում է ԼՂՀ-ում գործող հասարակական կազմակերպության կամ հիմնադրամի։