Ծրագիր

«Ազգային վերածնունդ» կուսակցության ծրագիրը

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր ծրագրային և կանոնադրական նպատակներին հասնելը և խնդիրների իրականացումը տեսնում է միայն օրինական, սահմանադրական ճանապարհով: Կուսակցությունը մասնակցելու է տարբեր մակարդակի ընտրություններին, լինելով իշխանություն կամ ընդդիմություն` հանդես է գալու սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսությունից բխող առաջարկներով և գործունեությամբ:

Որպես ազգայնական գաղափարախոսություն դավանող կուսակցություն` ԱՎԿ-ն իր ուժերի ներածին չափով հանդես է գալու հայության շահերի պաշտպանությամբ և հայության դիրքերն ամրապնդող գործողություններով:

Նպատակներին հասնելու և խնդիրների իրականացման համար կատարելու է ԼՂՀ  Սահմանադրությամբ և «Կուսակցությունների մասին» օրենքով կուսակցություններին ընձեռնված իրավունքներով նախատեսված այլ գործողություններ:

Կուսակցության գերնպատակը միացյալ Հայաստանի ստեղծումն է:  

 

Ներկա փուլում ԱՎԿ նպատակներն են`

 

Արցախի Հանրապետությունում հասնել`

Իշխանության և բիզնեսի տարանջատմանը,

Հնարավորինս բնապահպանական ուղղվածության տնտեսության ստեղծմանը,

Աշխատավորների շահերի պաշտպանությունը, այդ թվում նպաստելով արհմիությունների ձևավորմանն ու ուժեղացմանը,

Գյուղի զարգացմանն ու գյուղական աղքատության վերացմանը,

Սոցիալական ապահովության նոր համակարգի ստեղծմանը,

Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների համար սոցիալական երաշխիքների ամբողջականացմանը,

Ապակենտրոնացմանը, շրջանների զարգացմանը,

Մրցունակ տնտեսական համակարգի կայացմանը,

Համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավմանը,

Բարեկեցության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերին,

Կառավարման արդյունավետության բարձրացմանը:

 

Արտաքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է.

- Հայության անվտանգության պաշտպանությանը` որպես կարգախոս ընտրելով «ո’չ այլևս Դեր-էյր-Զոր, ո’չ այլևս Սումգայիթ» նախադասությունը:

- Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման` որպես Հայաստանի Հանրապետության մաս կազմելու առաջին քայլ:

- Բարեկամական հարաբերությունների հաստատմանը հնարավորինս շատ երկրների և ժողովուրդների հետ, ինչը խարսխված կլինի տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում սերտ համագործակցության վրա:

- Արցախյան արտադրանքի համար շուկաների որոնմանը, Արցախ ներդրումների ներգրավմանը և հայության համար կարևոր նշանակություն ունեցող երկրներում արցախյան ներդրումների խրախուսմանը:

 

Ներքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է.

- Բնակչության ավելի լայն ներգրավվածությունը քաղաքականության մեջ, ինչը ենթադրում է ավելի ակտիվ մասնակցություն քաղաքական գործընթացներին:

- Տնտեսության մեջ պետական չափավոր կարգավորմանը, այդ թվում նպատակ ունենալով պետական ներդրումներ կատարել ռիսկային և մասնավորի կողմից ոչ հրապուրիչ ոլորտներում

- Սոցիալական արդարության հաստատմանը, այդ թվում ցածր եկամուտ ունեցողների համար հանրային միջոցներով բնակարանների կառուցմամբ:

- Զարգացած առողջապահական համակարգի առկայությունը, որի ֆինանսավորման առանցքը կկազմի բժշկական ապահովագրությունը:

- Պաշտպանական կառույցների անընդհատ կատարելագործումը, որը կնվազեցնի հայ զինվորի և բնակչության խոցելիության աստիճանը

- Պետական տարբեր ծրագրերի միջոցով գյուղի զարգացմանը, այդ թվում պետական մասնակցությամբ գյուղացիական կոոպերացիաների խրախուսմանը:

- Գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մեկից երեք տոկոսի չափով: Որպես ֆինանսավորման հիմնական ուղղություն ընտրելով թեմատիկ հետազոտությունների ֆինանսավորումը:

- Կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը  «քիչ բյուրոկրատիա, ապակենտրոնացում, արդյունավետություն» սկզբունքով և պետական ապարատի ծախսերի կրճատմամբ:

- Տեղական ինքնակառավարման մարմինների դերի և լիազորությունների ուժեղացմանը` խրախուսելով ինքնաբավ համայնքների առաջացմանն ու տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացմանը:

- Արցախի ապակենտրոնացմանը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի, տների և ենթակառուցվածքների ստեղծում շրջաններում: Սա թույլ կտա կրճատել մայրաքաղաքի և շրջանների միջև զարգացման հսկայական տարբերությունը:

- Կրթության մակարդակի բարձրացմանը, ինչը ենթադրում է դասավանդողների վերապատրաստում, միջազգային հռչակ վայելող մասնագետների հրավիրում Արցախ` օգտագործելով համայն հայության ներուժը, Արցախում միջազգային կարճաժամկետ և մշտական դպրոցների հիմնում, այդ թվում համահայկական նշանակության:

- Զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծմանը, ինչը ենթադրում է Արցախի հարուստ մշակութային ժառանգության, պատմության և արդիականության պատշաճ մատուցումը:

- Երիտասարդության ոլորտում լայնածավալ ծրագերի մեկնարկին, ինչը նպատակ ունի Արցախի երիտասարդներին հնարավորություն տալ համայն հայության և աշխարհի իրենց հասակակիցների հետ համատեղ ծրագրեր իրականացնելու: