Արցախի հանքարդյունաբերական շրջանների ճակատագրի մասին

Խանումյան_Հայկ

2018 թվականի փետրվարի 28-ին Ազգային ժողովի նիստում Հայկ Խանումյանի ելույթը նվիրված էր Արցախի հանքարդյունաբերական շրջանների ճակատագրին: Ելույթն ամբողջությամբ՝ ստորև:

Վալեքս գրուպի մաս հանդիսացող ՛՛Թեղուտ՛՛ ՓԲԸ հայտարարել է Լոռու մարզում հանքի շահագործման դադարեցման և շուրջ 1200 աշխատակիցների կրճատման մասին: Այս լուրը առիթ է մեկ անգամ ևս խոսել Արցախի հանքարդյունաբերական շրջանների ճակատագրի մասին:

2000-ականների սկզբին Դրմբոնի, ապա մեկ տասնամյակ անց Կաշենի հանքի շահագործումը հնարավորություն տվեց Թարթառի հովտի Մարտակերտի շրջանի գյուղերի բնակիչներին ապահովել աշխատանքով: Թեև բնապահպանական խնդիրներին և հանքարդյունաբերության համար ցածր աշխատավարձերին՝ հանքարդյունաբերությունը հնարավորություն տվեց այս ձորակների բնակիչերին աշխատանք չփնտրել դրսում և որոշակիորեն բարելավել կենցաղը, չնայած, կրկնում եմ, ստացած աշխատավարձերը հանքարդյունաբերության համար բավականին ցածր էին: Դրմբոնի և Կաշենի հանքերի շահագործումը բերեց նաև պետբյուջեի սեփական մուտքերի զգալի ավելացմանը՝ չնայած նախկինում սահմանված ցածր հարկերին և վճարներին:

Մենք շուտով կանգնելու ենք այն խնդրի առջև, որի առջև այսօր կանգնած են Լոռու մարզի որոշ գյուղերի բնակիչներ՝ աշխատատեղերի զանգվածային կրճատման հանքարդյունաբերության ոլորտում: Հանքերի շուրջ 2 տասնամյակ շահագործումից հետո Մարտակերտի վերոնշյալ ենթաշրջանի գյուղերում դեռևս մնում են ենթակառուցվածքային լուրջ խնդիրներ: Մենք պարտավոր ենք հանքարդյունաբերությունից ստացվող հարկերի որոշակի մաս ուղղել այդ գյուղերի համար նորմալ ճանապարհներ, խմելու և ոռոգման համակարգեր ստեղծելու համար: Խոսքը վերաբերում է ինչպես Արցախի ամենամեծ գյուղական բնակավայրին՝ Հաթերքին, այնպես էլ ավելի փոքր բնակավայրերին: Միևնույն ժամանակ կառավարությունը պետք է բանակցություններ վարի Վալեքս գրուպի հետ, որպեսզի վերջինս տարիների ընթացքում այդ հանքերից ստացած հարյուրավոր միլիոն դոլարների հասնող շահույթից ներդրումներ անի նաև այլ ոլորտներում, ինչպիսիք կարող են լինել ենթաշրջանում վերամշակող և մթերող ձեռնարկությունների հիմնումը, գյուղատնտեսական տարբեր ձեռնարկներ: Կառավարությունը պետք է նաև Արցախի ներդրումային հիմնադրամի և Գյուղի ու գյուղատնտեսության աջակցման հիմնադրամի միջոցներով ենթաշրջանում ակտիվացնի գործարարությունը, այդ թվում նաև դրամաշնորհային սկզբունքով գյուղացիներին բիզնես հմտությունների դասընթացներ և խորհրդատվություններ մատուցելով:

Գրեթե 2 տասնամյակ ստանալով միլիարդավոր դրամներ հարկերի և շահույթի տեսքով՝ կառավարությունը և Վալեքս գրուպը պարտավոր են քայլեր ձեռնարկել ենթաշրջանը հետհանքարդյունաբերական ռելսերի վրա դնելու համար այնպես, որ դա չբերի սոցիալական ցնցումների և արտագաղթի: Կառավարության պարտավորությունն այստեղ հստակ է, իսկ Վալեքս գրուպի պարտավորությունը բարոյական է՝ պայմանավորված տարիներ շարունակ ոլորտի ցածր հարկերով, ինչը հնարավորություն է տվել ընկերությանը մեծ շահույթներ ունենալ:

28 փետրվարի, 2018թ.