Հայկ Խանումյանի ելույթը ուռճացված բյուրոկրատիայի մասին

Հայկ_Խանումյան

Հանձնաժողովներում բյուջե-2018-ի քննարկումների ժամանակ ես անդրադարձա նաև ուռճացված բյուրոկրատիայի խնդրին և որոշ պաշտոնյաների կողմից տրված պատասխաններից հասկացա, որ այս խնդիրը չի լուծվելու, ավելին, բյուրոկրատիան դառնալու է ավելի ծախսատար և ավելի անարդյունավետ: Քանի որ այդ քննարկումներում նաև որոշ տարըմբռնումներ եղան, ապա հստակ արտահայտեմ «Ազգային վերածնունդ» կուսակցության տեսակետն այս հարցում: Նշեմ, որ հնչեցվելիք մոտեցումներն ամրագրված են ինչպես կուսակցության ծրագրում, այնպես էլ 2015թ. նախընտրական ծրագրում:

Այսպես կուսակցության ծրագրում գրված է. «Ներքին քաղաքականության մեջ ԱՎԿ ձգտում է կառավարման համակարգի արդյունավետության բարձրացմանը  «քիչ բյուրոկրատիա, ապակենտրոնացում, արդյունավետություն» սկզբունքով և պետական ապարատի ծախսերի կրճատմամբ»: Այս սկզբունքից ելնելով էլ շարադրվել էր մեր նախընտրական ծրագրի համապատասխան կետերը:

Այս տարվա բյուջեով օրենսդիր, գործադիր և դատական մարմինների պահպանման համար նախատեսված է 13 միլիարդ դրամ: Սա մեծ շռայլություն է միլիարդավոր դրամներ ուղղել նման ուռճացված բյուրոկրատիային, որի մի զգալի մասը ազգային հարստության ստեղծման տեսանկյունից ոչինչ չի անում: Բյուրոկրատական համակարգը պետք է դիտարկենք ոչ թե սոցիալական խնդիր լուծելու տեսանկյունից, այլ թե որքան է նա արդյունավետ մեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Եթե վերցնենք վերջին 10 տարին, ապա կտեսնենք, որ անիմաստ ծախսել ենք միլիարդավոր դրամներ, որոնց տված արդյունքը զրոյական է: Այնինչ մեր տնտեսությունը մի կողմից կարիք է զգում ներդրումների, մյուս կողմից որակյալ աշխատուժի: Պետական համակարգն ուռճացնելով և դարձնելով հեշտ եկամուտների աղբյուր՝ մենք անիմաստ վատնում ենք միլիարդավոր դրամներ, անիմաստ զբաղեցնում ենք մարդկանց, ովքեր կարող էին իրենց դրսևորել մասնավոր սեկտորում և ազգային հարստություն ստեղծել, մենք իջեցնում ենք սովորելու մոտիվացիան հասարակության մեջ, քանզի առաջին տեղ է մղվում դիպլոմ ունենալն ու ինչ-որ կաբինետում թեյ խմողի աշխատանք գտնելը, քան թե գիտելիք ստանալը:

Ամեն անգամ կառավարությունը վստահեցրել է, որ գնում է օպտիմալիզացման, լավարկման, որ փորձում են դա անել անցնցում ձևով, ասենք թոշակի գնացածների փոխարեն նոր աշխատակիցներ չվերցնելու տարբերակով, սակայն փաստն այն է, որ այդ համակարգն անընդհատ աճում է, ծախսերը մեծանում:

Առաջիկա տարիներին մենք պարտավոր ենք գնալ հստակ քայլերի և կրճատել պետական համակարգը տարեկան 10 տոկոսով: Խնայված միջոցները որպես հարկային արտոնություն կարելի է առաջարել այն ընկերություններին, որոնք արտադրության ոլորտում աշխատատեղեր կստեղծեն Արցախում: Կարելի է նաև մեծացնել Արցախի ներդրումային հիմնադրամի և գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործիքակազմը՝ ուղղված սեփական գործ ստեղծողների աջակցմանը: Այսպիսով բյուջեում հավաքված հանրային միջոցները կդառնան ներդրում, իսկ մեր քաղաքացիներն անարդյունավետ աշխատանք կատարելու փոխարեն կզբաղվեն ազգային հարստություն ստեղծելու գործով, կմեծացնեն սեփական եկամուտները և մոտիվացիա կունենան անընդհատ կատարելագործվելու և սովորելու:

Այսպիսով ուռճացված բյուրոկրատիայի կրճատումը լուծելու է ոչ միայն միջոցների խնայման հարց, այլ նաև տնտեսական ակտիվացման, նախաձեռնողականության բարձրացման և կրթության մակարդակի բարձրացման հարց:

Հայկ Խանումյան

30 նոյեմբերի 2017թ.