Սփյուռքի ինտելեկտուալ և մասնագիտական ռեսուրսը անգնահատելի է Հայաստանի ու Արցախի հանրության խնդիրների լուծման գործում

tankian-khanjian-egoyan

Հարցազրույց ռեժիսոր Սեդա Գրիգորյանի հետ

2017 թվականին՝  նոյեմբերի 15-ից 19-ը, Կանադայի Տորոնտո քաղաքում տեղի է ունեցալ ամենամյա «Նուռ» կինոփառատոնը: Փառատոնի շրջանակներում ցուցադրվել է 40 ֆիլմ աշխարհի տարբեր երկրներից: «Վերածնունդ»   թերթի լրագրողը զրուցել է «Նուռ» կինոփառատոնի դոկումենտալ ժանրում «Ճանապարհ դեպի տուն»  (“Way Back Home”) ֆիլմի համար լավագույն կարճամետրաժ կինոնկարի մրցանակին արժանացած ռեժիսոր, քաղաքացիական ակտիվիստ Սեդա Գրիգորյանի հետ:

Սեդա, ինչպիսի՞ զգացմունքներ ունեիք այն պահին, երբ իմացաք Ձեր հաղթանակի մասին:

 

Հաղթանակն իսկապես անսպասելի էր և շատ հաճելի: «Նուռ» փառատոնում տեղի ունեցավ ֆիլմի առաջին ցուցադրությունը, և հանդիսատեսի դրական արձագանքն ու խրախուսանքն արդեն մեծ նշանակություն ուներ ինձ համար, և ես չէի սպասում, որ առաջին անգամ էկրան բարձրանալով՝ ֆիլմն ինձ նաև մրցանակ կբերի: Նուռը հայկական ֆիլմերի միջազգային փառատոն է, որ տեղի է ունենում ամեն տարի Տորոնտոյում՝ տեղի հայ համայնքի ուժերով։ Փառատոնում շատ լավ աշխատանքներ էին ներկայացված, ֆիլմերից շատերը ես ինքս փնտրում էի ու չէի կարողանում դիտել, ուրախ եմ, որ այնտեղ առիթ ունեցա: Այնպես որ, իսկապես հաճելի էր «Լավագույն կարճամետրաժ վավերագրական» ֆիլմ անվանակարգում հաղթող ճանաչվել։

 

Քանի որ ձեր ֆիլմը դեռևս հասանելի չէ լայն հանրությանը, կարո՞ղ եք մեր ընթերցողներին պատմել, թե ինչի մասին է այն և ինչ մեսիջներ է իր մեջ պարունակում:

 

«Ճանապարհ դեպի տուն» վավերագրական ֆիլմը պատմում է Սփյուռքում վերջին մեկ տարվա ընթացքում ձևավորված «Արդարություն Հայաստանում» (Justice WIthin Armenia) նախաձեռնության ստեղծման, դրան նախորդող և հաջորդող դեպքերի մասին, թե ինչպես նախորդ տարի ամռանը Արսինե Խանջյանը բերման ենթարկվեց Խորենացի փողոցից, ինչպես Սփյուռքի մեր հեղինակությունները կոչ/ստորագրահավաքով հանդես եկան սեպտեմբերին, ապա նախաձեռնեցին այս տարի Խորհրդարանական ընտրություններին դիտորդական առաքելությամբ մասնակցելու արշավը: Գիտեք՝ ապրիլին Հայաստանում էին Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանն ու Էրիկ Նազարյանը, ինչպես նաև նրանց կոչին միացած ևս 300 սփյուռքահայ դիտորդ: Ես բախտ ունեի դեռ նախորդ տարվանից կապի մեջ լինել Արսինե Խանջյանի հետ, մասնակցել նախաձեռնության կազմակերպմանը, և մինչ սովորում էի Արևմտյան Լոնդոնի համալսարանում (կինոարտադրություն), որոշեցի իրենց հայաստանյան այցը վավերագրել ու ներկայացնել համալսարանին՝ որպես ավարտական աշխատանք: Շատ շնորհակալ եմ Արսինեին և խմբին, որ թույլ տվեցին իրենց ուղեկցել իմ տեսախցիկով: Բնականաբար, որպես դիտորդ՝ բոլորս էլ տեսագրող սարքեր ունեինք և նկարահանում էինք ընտրությունների ընթացքը, սակայն դրանից առաջ և հետո էլ ես եզակի հնարավորություն ունեի վավերագրել նրանց հանդիպումները, հույզերը, մտորումները: Ֆիլմը ներկայացնում է, թե ինչպես են ինձ և բոլորիս համար մեծ հեղինակություն հանդիսացող այս մարդիկ հայրենիքի հետ սեփական կապը փնտրելու և իմաստավորելու, գաղափարական պայքար մղելու ճամփորդության դուրս եկել, նրանք անկեղծանում են Հայաստան-հայրենիքի, ինքնության ու քաղաքացի լինելու կարևորության մասին: Նույնիսկ եթե հաճախ խոսքով չեն ասում, այս թեմաները միևնույն է ընկած են ֆիլմի հիմքում և արտահայտվում են նրանց գործողությունների միջոցով:

 

Ի՞նչ տպավորություններ ստացաք Դուք և Ձեր ֆիլմի հերոսները Արցախ կատարած այցի ժամանակ: Այցից հետո ձեր ընկալումները Արցախի  մասին փոխվեցի՞ն:

 

Ճիշտ եք, ընտրություններից հետո խումբը նաև մեկնեց Արցախ՝ Թուֆենկյան հիմնադրամի հրավերով: Նրանք հրաշալի հասկանում են Հայաստանի իրականությունն ու խնդիրները՝ քաղաքական լայն համատեքստում, սակայն իրենք առաջին հերթին արվեստագետ են և իրենց գլխավոր անելիքը տեսնում են մշակույթի ոլորտում: Նախաձեռնության ամիսների աշխատանքը և ընտրությունների օրվա ճամփորդությունը Հայաստանի մարզերով շատ ուժ ու ջանք էր պահանջել իրենցից, և արցախյան այցը կարծես հնարավորություն տվեց շունչ քաշել ու նոր քայլեր նախանշել: Արցախի ջերմ միջավայրը այլ զգայական հարթություն ստեղծեց, և դա երևում է ֆիլմում: Խմբի անդամներն Արցախում շարունակ ժպտում են ու հուզվում՝ բացահայտելով տեղի տաղանդը: Նրանք նախ հանդես եկան կոչով աշխարհի արվեստագետներին՝ գալու Արցախ և համագործակցելու տեղի մշակութային ու արվեստի գործիչների հետ, հետո նաև հանդիպում ունեցան արցախցի երիտասարդների հետ, ում նախաձեռնություններն ու կատարումները մեծ ուրախությամբ ընդունվեցին խմբի կողմից:

Ես մի հետաքրքիր դիտարկում արեցի ինձ համար, երբ Արցախում էինք: Ինքս Արցախ այցելելիս սովորաբար շատ եմ ուրախանում, որ կարող եմ փախնել երևանյան իրարանցումից, երկրիս հետ իմ անձնական երկխոսությունը վարել, նայել պայքարով և կյանքով ձեռք բերված անկախության աչքերի մեջ: Բայց գարնան այցի ընթացքում հանկարծ հասկացա, որ Արցախի այս հոգևոր իմաստավորմանը զուգահեռ ես դադարում եմ տեսնել տեղի կյանքը՝ իր սոցիալ-քաղաքական հարթության մեջ, ես չեմ տեսնում սոցիալական անարդարության դրսևորումները, խոսքի ու մտքի ազատության սահմանափակումները: Բայց չէ՞ որ այստեղ նույնպես երկուսուկես տասնամյակում դանդաղորեն ձևավորվող քաղաքացիական հասարակություն կա՝ իր խնդիրներով ու հեռանկարներով: Ես միայն վերջին տարիներին եմ ծանոթացել Ստեփանակերտում ապրող անկախ ու ակտիվ քաղաքացիներին ու հիմա եմ հասկանում, որ Երևանում շատ հարցերում մեր մղած քաղաքացիական պայքարն իր շատ թույլ արձագանքն է փորձում գտնել նաև Արցախում, որտեղ հաճախ դաժանաբար լռեցվում է: Ես կարծում եմ, որ Արցախի ընկալման հուզականությունը, որ կար ինձ համար մինչև տեղի ներքին գործընթացներին ծանոթանալը, նման է ավելի լայն ընդգրկմամբ Սփյուռք-Հայաստան փոխըմբռնմանը. դարավոր երազանքների մարմնավորում հանդիսացող Հայաստան-հայրենիքը Սփյուռքի մեծ մասի համար դեռևս չի ընկալվում որպես սեփական քաղաքական ու սոցիալական խնդիրներով ապրող պետություն, հայաստանցին՝ որպես արդարության ու իրավունքի համար պայքարող քաղաքացի: Սփյուռքը Հայաստանի ընկալման հարցում մնում է զգայական թմբիրի մեջ, քանի դեռ չի հետաքրքրվում ու չի տեղեկանում այստեղ առկա խնդիրներով, չի տեսնում հայ հասարակությունը՝ որպես ձևավորվող օրգանիզմ՝ իր թույլ ու ուժեղ կողմերով, որին սպառնացող հիվանդությունները կարող ենք ու պետք է բուժենք միասին, սակայն միայն դրանք տեսնելուց ու ճիշտ գնահատելուց հետո: Այս առումով “Արդարություն Հայաստանում” նախաձեռնության քայլն ինձ համար անգնահատելի էր ու շատ կարևոր, քանի որ Սփյուռքի մեր հեղինակություններն անձամբ եկան Հայաստան, տեսան ու բարձրաձայնեցին հայաստանյան ընտրությունների աբսուրդը՝ ձայների գնումը, ուղղորդումը, ճնշումները և այլն: Միայն այսպես մենք կարող ենք միասին հաղթահարել Հայաստանի՝ որպես ժողովրդավար պետության առաջ կանգնած մարտահրավերները՝ ճանաչելով, բարձրաձայնելով և մասնակցելով:
Որպես քաղաքացիական ակտիվիստ և մի շարք հաղթանակած քաղաքացիական շարժումների մասնակից ի՞նչ խորհուրդ կտաք արցախյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին:

 

Ես շատ ուրախ եմ, որ Արցախի քաղհասարակությունում դրական ու ստեղծագործ գործունեություն վարող այսքան ազատ քաղաքացիներ ու նախաձեռնություններ կան: Ներքին մթնոլորտը և ճնշող միակարծությունը կոտրելու համար շատ համբերություն ու համառություն է պահանջվելու, բայց փոփոխությունն արդեն տեսանելի է, քաղաքական քննարկումները ավելի բարձրաձայն ու լսելի են դառնում: Մի խորհուրդ միայն կուզեմ տալ, կամ գուցե պարզապես կոչ՝ ավելի տեսանելի լինել, ավելի շատ տեղեկացնել տեղում հանրության խնդիրների ու կարիքների մասին: Երևանում տարիների ընթացքում եղած շարժումները, ակցիաները ծնվել են համընդհանուր հանրային պահանջից ու բողոքից, կարևոր է, որ Երևանն ու Ստեփանակերտը այս առումով ավելի կապված լինեն, ավելի շատ փորձի ու գաղափարների փոխանակում լինի: Նույն խնդիրը կա նաև Հայաստանի մյուս քաղաքների հետ նույնպես, ու ես համոզված եմ, որ տարբեր շրջանների փորձի ու առջարկների համատեղումը կարող է շատ ավելի հետաքրքիր ու արդյունավետ լինել:
Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է արդյոք հայաստանյան քաղաքացիական հասարակության և սփյուռքի ակտիվ գործիչների ակտիվ մասնակցությունը Արցախի ներքաղաքական գործընթացներին որևէ տեսքով:

 

Ես կարծում եմ ու հավատում եմ, որ ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ: Սփյուռքի, Հայաստանի ու Արցախի հայության գլխավոր խնդիրն այսօր պետք է լինի մեր միասնական, ժողովրդավար ու կայուն պետության ներքին և արտաքին անվտանգությունը: Խնդիրների և կարիքների ճիշտ ձևակերպման անհրաժեշտություն կա, ինչից հետո արդեն հնարավոր կլինի որոշել մասնակցության ձևն ու չափը: Սփյուռքի ինտելեկտուալ և մասնագիտական ռեսուրսը անգնահատելի է Հայաստանի ու Արցախի հանրության խնդիրների լուծման գործում, սակայն դրանց մասին առաջին հերթին մենք պիտի խոսենք հստակ ու բարձրաձայն և հուշենք, թե որտեղ ինչպիսի մասնակցության կարիք կա: Խոսքը որևէ «արտաքին միջամտության» մասին չէ, ինչպես երբեմն պիտակվում են Սփյուռքից եկող ազնիվ նախաձեռնությունները, այլ պարզապես միասնական գաղափարական գործընթացի ձևավորման մասին է, որի առկայությամբ միայն մենք կարող ենք ձևավորել նոր քաղաքացիական ու քաղաքական մշակույթ:  Ես հավատում եմ, որ տեխնոլոգիական այս դարում դժվար չէ ապահովել փոխադարձ կապն ու տեղեկության հոսքն Հայաստանի, Արցախի ու աշխարհի որևէ կետի միջև, պարզապես առաջին հերթին պետք է ինքներս կարողանանք մտածել ու գործել գլոբալ՝ հիշելով, որ մենք ոչ թե ինչ-որ խնդրով մտահոգ քաղաքացիների մի փոքր խումբ ենք, այլ աշխարհով սփռված միլիոնավոր ինտելեկտուալ ու փորձառու հայերի գլոբալ համայնք, որը կարող է հսկայական ներուժ ապահովել տվյալ խնդրի լուծման համար:

 «Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ, հունվար 2018