Ադրբեջանը 2017 թվականին

image007

Ադրբեջանում տարվա գլխավոր հասարակական ու քաղաքական իրադարձությունը թերևս Մեհրիբան Ալիևայի նշանակումն էր փոխնախագահի պաշտոնում: Քաղաքական դաշտի տոտալ ոչնչացման պարագայում Ալիևը շարունակում է ամրապնդել իր իշխանությունը և իր կնոջ նշանակումը փոխնախագահի պաշտոնում ոչ այլ ինչ է, քան ապագայում Հեյդար Ալիև կրտսերին իր իշխանության փոխանցման նախապատրաստում: Սուլթանական ռեժիմների ավանդույթները հուշում են, որ մորից բացի ոչ ոք չի կարող պահպանել իշխանությունը որդու համար: Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ Իլհամ Ալիևը քիմիաթերապիայի կուրս է անցել: Սա կարող է նշանակել, որ նա հիվանդ է և արդեն մտածում է իշխանության ժառանգական փոխանցման մասին: Այդ լուրերը թեկուզ դեռևս չեն հաստատվել, բայց նաև անհիմն չեն:

2017 թվականին հանրապետությունում թվացյալ քաղաքական կայունությունը խարխլել են այնպիսի երևույթներ, ինչպիսիքն են «հակաահաբեկչական գործողությունները» և «լրտեսական ցանցի» հայտնաբերման գործողությունները, որոնք իրականացվել են պետական անվտանգության ծառայության և ռազմական հակահետախուզության կողմից:
Միայն բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ տարվա ընթացքում Բաքվում և շրջաններում մի շարք պատժիչ գործողություններ են իրականացվել իսլամական խմբավորումների դեմ: Այսպիսի տեղեկությունները հիմնականում աննկատ են մնում, բայց այդ գործողությունների անցկացման հաճախականությունը և ռեժիմի սպառնալիքների ոչնչացման մեթոդները ստիպում են գիտակցել Ադրբեջանի հանրապետության տարածք իսլամական խմբավորումների ներխուժման լրջության աստիճանը:

«Իսլամական պետության» շարքերում ադրբեջանական քաղաքացիների քանակի մասին խոսելիս՝  նշվում է 900 մարդու մասին: Այդ թիվը իրականում կարող է մի քանի անգամ ավելի մեծ լինի: Մենք չգիտենք, թե արդյոք ԻՊ-ի հետ կապեր ունենալու մեջ բոլոր կասկածյալները իրականում դրա անդամներն են, թե ոչ: Կասկածյալների կալանավորման գործողությունների ժամանակ հաճախ կասկածյալները ոչնչացվում են տեղում և միայն հետո է հայտարարվում միջազգային ահաբեկչության հետ նրանց կապերի մասին: Ինչպես, օրինակ, տեղի է ունեցել 2017 թվականի օգոստոսին ոմն Ջավադովի սպանության դեպքում և Բաքվում հունվարին սպանված պետական անվտանգության ծառայության 4 աշխատակիցների դեպքում:
Պետական անվտանգության սպառնալիքների հայտնաբերման գործընթացում իսլամական գործոնից բացի գոյություն ունի նաև հայկականը:

Այսպես, 2017 թվականի մայիսի 4-ին հայտնի դարձավ, որ հայտնաբերվել է զինվորականների և այլ քաղաքացիական անձանց մի խումբ, որը ռազմական գաղտնի տեղեկություններ էր փոխանցում Հայաստանի զինված ուժերի հետախուզական և հատուկ մարմիններին: Այդ մասին ասվում էր Ադրբեջանի հանրապետության գլխավոր դատախազության, պաշտպանության նախարարության, ներքին գործերի նախարարության և պետական անվտանգության ծառայության համատեղ հայտարարության մեջ: Եթե իսլամիստների դեպքում ամեն ինչ իրականացվում էր «ահաբեկչության դեմ պայքարի» ֆոնին, ապա «հայկական լրտեսների» դեպքը ֆարս և տրագիկոմեդիա էր հիշեցնում՝ արտադատարանային մահապատիժների և «լրտեսների» նկատմամբ հանրային պարսավանքի կիրառմամբ:

Այդ գործողության շրջանակներում սահմանամերձ բնակավայրերում տոտալ ահաբեկում էր իրականացվում: «Հայ լրտեսների մարտական բջիջի» մեջ են մտցվել ինչպես ադրբեջանական բանակի առաջնագծային երկու բրիգադների նախկին ու գործող սպաներ, ենթասպաներ, պայմանագրայիններ ու շարքայիններ, այնպես էլ տեղացի տաքսիստներ, հովիվներ ու մարմնավաճառներ: Բազմաթիվ գործող և նախկին սպաներ հարցաքննվել և կտտանքների են ենթարկվել: Երբեմն հասնում էր նրան, որ տեղացի հովիվի հայկական հետախուզության հետ համագործակցության միակ ապացույցը նրա տանը գտնված 10 հազար դոլարն էր: Իսկ որոշ պայմանագրայինների մեղքը միայն այն էր, որ նրանք կապ էին ունեցել մարմնավաճառի հետ, որը «հայկական լրտես» էր: Պետք է նշել, որ սահմանամերձ գոտիներ Ադրբեջանի հանրապետության բոլոր շրջաններից են մարմնավաճառներ տեղափոխվում, քանի որ այնտեղ սպաների և զինվորների պատճառով կայուն աշխատանք կա:

Ընդհանուր առմամբ ձերբակալվել ու բերման է ենթարկվել մոտ 400 մարդ: Հայտնի է հարցաքննություների ժամանակ 7 սպանվածների ու գաղտնի թաղվածների մասին:
Բնականաբար այս պատմության մեջ ոչ մի հայկական հետք չկա: Պարզապես ռեժիմը ցանկանում էր առավելագույնս խստացնել առաջնագծին մոտ գտնվող բնակավայրերում գտնվելու և բնակվելու կանոնները և զուգահեռաբար լուծել երբևէ իշխանոթյունների դեմ արտահայտված մարդկանց հարցը:

Հանրապետական օրակարգում գլխավոր հարցը միշտ Ղարաբաղյան հակամարտությունն է մնում: Ադրբեջանը շարունակում է պնդել հակամարտության փուլային կարգավորման վրա, ինչը անընդունելի է ՀՀ և ԼՂՀ համար: Այդ իսկ պատճառով կարգավորման գործընթացում ոչ մի պրակտիկ փոփոխություն տեղի չի ունենում և երևի տեղի էլ չունենա:

Բաքվի էլիտաների և նրանց գաղափարախոսների մինիմում ծրագիրը Ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում  Հայաստանին զրկելն է մաքսիմումին հասնելու հնարավորությունից: Մաքսիմում ծրագիրը Հայաստանին զրկելն է այն մինիմումից, որին այն կարող է հասնել դիվանագիտական և ռազմական ճակակատներում: Այդ իսկ պատճառով ալիևյան ռեժիմի իշխանության տարիներին  «Հայաստանի և հայերի դեմ հարձակում բոլոր ուղղություններով» կարգախոսը Բաքվի համար ակտուալ է մնում:

Ադրբեջանցիների համար իսկական  շոկ էր Թուրքիայի առաջնորդ Էրդողանի վերջին հայտնությունը: Բաքուն մշտապես աջակցություն է ակնկալում Թուրքիայից ղարաբաղյան հիմնահարցում: Սակայն վերջերս Սոչիում տեղի ունեցած Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպման ժամանակ Էրդողանը հայտարարեց, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կախված է Վլադիմիր Պուտինից: Այս հայտարարությունը, փաստորեն, ևս մեկ անգամ հաստատեց հին ադրբեջանական կամայական ասացվածքը, որ իբր Ղարաբաղյան համակարտության լուծման բանալիները գտնվում են Կրեմլում, և որերորդ անգամ ամբողջովին հիասթափեցրեց տեղի հանրությանը:

Մեկնաբանելով Էրդողանի խոսքերը՝ ադրբեջանական վերլուծաբանները նրա հայտարարության մեջ երկու թաքնված մեսիջ գտան՝ ուղղված Բաքվին:  1. Պուտինը եթե ցանկանա, կլուծի հակամարտությունը, բայց այս պահին նա այդպիսի ցանկություն չունի: 2. Հակամարտության կարգավորման ուղիները ամբողջովին գտնվում են Ռուսաստանի վերահսկողության տակ, և ոչ ոք՝ այդ թվում ԵԱՀԿ Մինսկի խումբը և Թուրքիան, չի կարող խառնվել այդ գործընթացին: Սակայն ադրբեջանցի վերլուծաբանները բաց են թողել Էրդողանի երրորդ թաքնված մեսիջը, որի իմաստը հետևյալն է. Թուրքիան չի կարողանալու օգնության հասնել Ադրբեջանին, եթե այն արկածախնդրությունների մեջ ընկնի և շեղվի տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականության հունից՝ դիմելով քայլերի, որոնք կարող են հակասել Մոսկվայի շահերին: Սա էր Էրդողանի գլխավոր ուղերձը Կրեմլի աշտարակների նկուղներում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիներ փնտրողներին: Թուրքիան բազմաթիվ խնդիրներ ունի բոլոր ուղղություններով՝ սկսած սիրիականով ու քրդականով, վերջացրած իսրայելականով: Ադրբեջանի Հանրապետության խնդիրները Անկարային հիմա հաստատ քիչ են հետաքրքրում:

Քանի որ բանակցային գործընթացի վերջին ամիսների ակտիվացումը ռեալ արդյունքներ չեն ապահովում Ադրբեջանի համար, ամենայն հավանականությամբ դիմակայությունը կրկին կարող է տեղափոխվել ռազմադաշտ՝  դիպակահարների պատերազմի փուլից  անընդհատ անցումներ կատարելով կոնտակտային և ոչ կոնտակտային դիվերսիոն պատերազմի փուլ և հակառակը: Այդ ամենի նպատակը գոյություն ունեցող տեխնիկական միջոցներով հայկական կողմին կորուստներ հասցնելն է լինելու: Չի բացառվում  նաև ապրիլյան մարտերին նմանություն ունեցող գործողությունների կրկնությունը: Ադրբեջանը փորձելու է սրել իրավիճակը և բարձրացնել լարվածությունը: Սպառազինությունների մրցավազքն ու ռազմատենչ հռետորաբանությունը ուղիղ կապ ունեն Ադրբեջանի հանրապետության դիվանագիտական գործողությունների հետ: Այնուամենայնիվ, Բաքուն մինչ այսօր կարողացել է պահպանել այնպիսի բալանս, որ իրավիճակի յուրաքանչյուր սրացումը նոր պատերազմի չվերածվի:

Ադրբեջանը ռազմական հռետորաբանությանը զուգահեռ 2017-ին շարունակում էր տարբեր զինատեսակների ձեռքբերումը: Ավելին, գնումների աշխարհագրությունը մեկ տարվա ընթացքում ավելի լայն է դարձել: 2017 թվականի համեմատ այս տարի 3.7 տոկոսով ավելացվել են նաև պաշտպանության և ազգային անվտանգության ոլորտների ծախսերը, որոնք նոր տարում 1.6 միլիարդ դոլար են կազմելու:

2017 թվականի ռազմական գնումների և ցուցադրված ռազմական տեխնիկայի նորույթների մեջ կան ուշադրության արժանի մի շարք նմուշներ:

 

Օրինակ, ռուսական արտադրության ինքնագնաց հակատանկային «Խրիզանտեմա Ս» («Хризантема С») հրթիռային համակարգը: Ադրբեջանական քարոզիչները այդ համակարգերի մատակարարման դեպքում նույնիսկ գովազդային տեսահոլովակ էին նկարահանել լայն հանրության համար, որը ցույց էր տալիս, թե ինչպես էին դրանք բեռնաթափվում Բաքվի նավահանգիստում: Այդ տեսահոլովակի նկարահանման նպատակը, իհարկե, հայկական լսարանի վրա բարոյահոգեբանական ազդեցությունն էր: Նույն տեսահոլովակի մեջ երևում էին նաև համազարկային կրակի՝ ծանր հրանետային համակարգեր ՏՕՍ-1Ա-ի (ТОС-1А)  և ՀԿՌՀ «Սմերչ»-ի («Смерч») զինամթերքներով լցված լաստանավերի նավամբարները և ռուսական նորագույն ԲՏՐ-82 (БТР-82) զրահափոխադրիչները՝ խոշոր տրամաչափային «Պեչենեգ» («Печенег») գնդացիրներով: «Խրիզանտեմա Ս»-ն հետագայում ցուցադրվել է Նախիջևանում տեղի ունեցած ռազմաշքերթի ժամանակ:

 

Ուշագրավ ռազմական գնումների շարքին են պատկանում նաև իսրայելական «Բարակ-8» («Barak-8») զենիթահրթիռային համակարգերը ու 120 մմ տրամաչափով «Սփիար ՄԿ 2» («Spear Mk 2») ինքնագնաց ականանետերը: Բացի այդ, պետական սահմանապահ ուժերի զորավարժությունների ժամանակ օգտագործվել է նաև «Հերմես-900» («Hermes – 900») անօդաչու սարքը, որը կարող է թռչել մինչև 9000 մետր ծովի մակերևույթից բարձր, և կարող է տեղավորել մինչև 350 կիլոգրամ օգտակար բեռ:

Եվս մեկ հետաքրքիր նորույթ կարելի է համարել թուրքական արտադրության համազարկային կրակի 300 մմ տրամաչափի «Գասիրգա» («Qasırğa») ռեակտիվ համակարգը և հատուկ այդ համակարգի համար ձեռք բերված թուրքական ՌՈԿԵՏՍԱՆ (ROKETSAN) ընկերության կողմից արտադրվող ՏՐԳ-300 «Թայգեր» (TRG-300 «Tiger») ռեակտիվ արկերը, որոնք, ըստ արտադրողների պնդումների, ունեն 585 կգ քաշ և 130 կմ հեռահարություն:
Ադրբեջան անցած տարվա ամենաանսպասելի ռազմական գնումը երևի  չեխական արտադրության 152 մմ տրամաչափի «ԴԱՆԱ»  («DANA») ինքնագնաց հրետանային համակարգերն էին և ՀԿՌՀ «Վամպիր»-ը («Vampir»)՝ ռուսական ԲՄ-21 «Գրադ»-ի («Град») նմանակը: Այս համակարգերի արդիականացումը տեղի է ունեցել Իսրայելում, որտեղից էլ դրանք բերվել են Բաքու:

Հարկ է նշել նաև Ադրբեջանի տարածքում իսրայելական փոքր հարվածային Օրբիտեր 1Կ անօդաչու սարքերի հավաքման ծրագրի մասին: Այդ սարքերը արտադրվում են իսրայելական «Աերոնոթիքս Դիֆենս Սիստեմս» («Aeronautics Defense Systems») ընկերության կողմից: Անցած տարվա ամռանը Իսրայելում քրեական գործ էր հարուցվել ընկերության դեմ՝ Ադրբեջանի խնդրանքով սարքը հայկական դիրքերի ուղղությամբ կիրառելու մեղադրանքով: Հետաքննությունը իրականացնում է Իսրայելի պաշտպանության նախարարությունը: Միևնույն ժամանակ անօդաչու սարքի դետալների ու պահեստամասերի մատակարարման գործարքը սառեցվել է իսրայելական իշխանությունների կողմից: Ադրբեջանական ռազմական արդյունաբերության ղեկավար Յավեր Ջամալովը իր հերթին նշում է, որ անօդաչուների հավաքման ծրագիրը խնդիրներ չունի, և սարքերը թեսթային փորձարկումներ են անցնում:

Պետք է նշել, որ Իսրայելը որևէ բարոյական պարտավորություններ չունի որևէ մեկի հանդեպ և կարող է սեփական բիզնես շահերի համար կոնվենցիոնալ զենք վաճառել ադրբեջանցիներին: Ադրբեջանի և Իսրայելի ռազմատեխնիկական համագործակցությունը լիովին բխում է երկու պետությունների փոխադարձ շահերից:

Կարծում եմ՝ Ադրբեջանը նոր տարում շարունակելու է նոր զինատեսակների և ռազմական տեխնիկայի գնումների քաղաքականությունը: Մասնավորապես փորձ է կատարվելու թարմացնել ռազմական ինքնաթիռների պարկը և համալրվել օպերատիվ մարտավարական հրթիռներով:

Սակայն Ադրբեջանի ռազմական նախապատրաստությունները, իհարկե,  չեն սահմանափակվում միայն տարբեր զինատեսակների գնումներով և հրաձգային զենք ու զինամթերքի տեղական արտադրությամբ: Ինտենսիվ կերպով անց են կացվում  մարտական հրաձգությամբ լայնամասշտաբ զորավարժություններ (կորպուսների մակարդակով), որոնց ընթացքում մշակվում են զորատեսակների միջև փոխգործակցությունը և դրանց պրակտիկ կառավարումը: Ամեն տարի համատեղ զորավարժություններ են անց կացվում նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի հետ՝  Թուր- Ազ Գարթալը ծրագրի շրջանակներում:
Կատարվում է նաև ակտիվ քարոզչական աշխատանք անձնակազմի հետ: Առնվազն արտաքնապես ամեն ինչ հուշում է, որ Ադրբեջանը պատրաստ է նոր պատերազմին և Հայաստանի դեմ երկարատև մարտերին: Այնուամենայնիվ, ադրբեջանական բանակի որակական և հոգեբանական պատրաստավածության մակարդակի մասին դժվար է դատել: Պարզ չէ նաև, թե Ադրբեջանի իշխանություններին ինչքանով է հարկավոր լայնամասշտաբ պատերազմը: 2016 թվականի ապրիլյան դեպքերի օրինակով մենք տեսել ենք, թե ինչպես է մարտական գործողությունների չորրորդ օրը նախահարձակ կողմը համաձայություն տվել դադարեցնել պատերազմը:

Էդուարդ Առաքելյան

ռազմական փորձագետ

«Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ, հունվար 2018