Արցախ. նոր մարտահրավերներ

NUR_artsakh

2017թ. Արցախը նոր սահմանադրություն ունի: Ինչպես բոլոր քիչ ժողովրդավար հասարակություններում, Արցախում նույնպես սահամանդրական փոփոխությունները նպատակ ունեին ապահովել կառավարող ուժերի վերարտադրությունը: Արցախի նախագահ Բակո Սահակյանն առաջին անգամ ընտրվել է 2007թ. և վերընտրվել 2012թ., նրա պաշտոնավարման ժամկետը լրանում էր 2017թ. սեպտեմբերին:

Ըստ նախկին ու ներկա սահմանդրությունների` նույն անձը չի կարող առավել քան երկու անգամ անընդմեջ ընտրվել նախագահի պաշտոնում: Սահմանադրության փոփոխությունները նպատակ ունեին իրավական մանիպուլյացիաների միջոցով ապահովել Բակո Սահակյանի նախագահի աթոռին մնալ առնվազն մինչև 2020թ.: Որևէ հույս չկար, որ Ազգային ժողովը կարող էր մերժել միջինասիական երկրներին հատուկ այս փոփոխությունները:

Վստահաբար, հանրաքվեի ընթացքում իշխանությունները պետք է օգտագործեին իրենց բոլոր ռեսուրսները ցանկալի արդյունք ապահովելու համար: 2016թ. սեպտեմբերին և դրանից առաջ Ադրբեջանում անցկացված սահմանադրական հանրաքվեներն ամրապնդում էին Ալիևների ընտանիքի հավերժ իշխանությունը Բաքվում: Արցախը նույնպես գլորվում է ավտորիտարիզմի ճիրանները` նոր խնդիրներ առաջացնելով երկրի համար, որը բազմաթիվ մարտահրավերներ ունի:

Ինչու՞ է այսպես ստացվում

Բակո Սահակյանի իշխանության տարիներին տեղի է ունենում իշխանության և ռեսուրսների, ինչպես նաև կոռուպցիայի անօրինակ կենտրոնացում: Աշխատանքի շուկայի կառուցվածքը հնարավորություն է տալիս կառավարողներին վերահսկողություն սահմանել հասարակության ճնշող մեծամասնության վրա: Այս շուկայի առանցքը կազմում են բյուջետային աշխատողները` բյուրոկրատիան, ուսուցիչները, բուժաշխատողները և այլք: Ուռճացված բյուրոկրատիան, ոչ օպտիմալ ու հիմնականում պետական կրթական համակարգը, մեծամասամբ պետական բժշկական համակարգը, ուժային կառույցները աշխատանքով են ապահովում հազարավոր մարդկանց` հնարավորություն տալով նրանց ստանալ նվազագույն սպառողական զամբյուղից բարձր աշխատավարձ:

Արդյունքում, օրինակ կրթական ոլորտը կատարում է ոչ թե կրթելու, այլ սոցիալական ֆունկցիա: Նպատակը ոչ թե կրթության ոլորտում արդյունքներ ստանալն է, այլ N թվով մարդկանց աշխատավարձով ապահովելը: Բնականաբար բյուջետային աշխատողներից կառավարող էլիտան ակնկալում է բացարձակ լոյալություն և այդ լոյալությունից շեղումները պատժվում են բավականին ծանր` աշխատանքից ազատմամբ: Փոքր աշխատաշուկայի պայմաններում աշխատանքից ազատվելը անձի/ընտանիքի համար կարող է հանգեցնել սոցիալական ողբերգության:

Հարկ է նշել, որ մասնավոր ոլորտի ձեռնարկությունները նույնպես խոցելի են. խոշոր գործատուներն աշխատակիցների ընտրության հարցում հաճախ լսում են “վերևների” կարծիքը, իսկ փոքր բիզնեսը ստիպված է լոյալ լինել` հարկային մահակի տակ չընկնելու, այսինքն հարկային տույժերի և տուգանքների չենթարկվելու վախից դրդված: Ստեղծված են սոցիալական օգնության և վարկավորման (այդ թվում արտոնյալ) բազմաթիվ մեխանիզմներ, որոնք հնարավորություն են տալիս բնակչության մի զգալի հատվածի ուղղակի վերածել իշխող ուժերին լոյալ զանգվածի: Արդյունքում տեղի է ունենում քաղաքական կենտրոնացում, ինչը բերում է տնտեսական կենտրոնացման կամ հակառակը: Բացահայտ մենիշխանություն է նաև հասարակական կարծիքի ձևավորման ասպարեզում:

Արցախյան միակ հեռուստատեսությունը, Արցախի Հանրայինը փակ է պահում եթերը ընդդիմության կամ այլընտրանքային մտքի հանդեպ ընդհանրապես: Հեռուստատեսության խորհրդի նախագահը Բակո Սահակյանի դասընկերն է, որը հիմնականում զբաղված է խորհրդային ոճի գրաքննությամբ, իշխանությունների գովքով և ընդդիմության ձայնի խլացմամբ: Ավելորդ է խոսել դատարանների մասին, որոնք ամբողջովին կախյալ են նախագահից: 2007թ. ընտրվելուց հետո Բակո Սահակյանը հետևողականորեն, օգտագործելով վերոնշյալ մեթոդները, փորձել է վերացնել հնարավոր բոլոր հակակշիռները: Սրա հետևանքով 2010թ. խորհրդարանական ընտրություններով Արցախի Ազգային ժողվում որևէ ընդդիմադիր քաղաքական ուժ կամ գործիչ չի հայտնվել: 2015թ. ընտրություններին ընդդիմությունը ներկայացված է բավականին համեստ, ԱԺ գերակշռող մեծամասնությունը` 33 պատգամավորից 29-ը, Բակո Սահակյանին նախագահական ընտրությունների ժամանակ սատարած ուժեր և գործիչներ են:

Թույլ է զարգացած նաև քաղաքացիական հասարակությունը: Ի տարբերություն Հարավային Կովկասի ճանաչված երկրների` Արցախի հասարակությունը չի ստացել միջազգային հանրության աջակցությունը քաղաքացիական հասարակության կերտման գործում: Բացառություն կարող են համարվել փոքրիկ ծրագրերը, որոնց ազդեցությունը հանրության վրա մեջ չէ: Այնպիսի ծրագրեր, ինչպես ազդեցիկ  «Դեմո» թերթի ֆինանսավորումն է, չեն իրականացվում 2008թ.-ից ի վեր: Եվրամիությունը ժամանակ առ ժամանակ ֆինանսավորում է խաղաղաշինական ծրագրեր, որոնք արդյունավետ չեն և չեն ազդում քաղաքացիական հասարակության զարգացման վրա:

Ի՞նչ անել

Հարկավոր է ամեն կերպ աջակցել Արցախում իշխանության և ռեսուրսների ապակենտրոնացմանը: Արցախի զարգացումը հնարավոր է միայն ազգային հարստության արդարացի վերաբաշխման դեպքում: Ազգային հարստությունը կավելանա միայն արդարության մթնոլորտի հաստատման, զարգացմանը նպաստող ինստիտուտների կայացման դեպքում: Կան փոքրիկ քայլեր, որոնց միջոցով կարելի է տարիներ անց զգալի արդյունքներ ակնկալել:

Կրթության ասպարեզում դա ուսման բարձր որակ ապահովող մասնավոր դպրոցների զարգացումն է: Սրանց զուգահեռ պետք է ստեղծվեն կրթաթոշակային հիմնադրամներ` այդ դպրոցների սաների ուսումը ֆինանսավորելու համար: Արցախում սովոր չեն բարձրորակ ուսման դիմաց վճարել, մարդիկ հակված են վճարել դիպլոմի դիմաց: Դիպլոմը հնարավորություն է տալիս տեղ գտնել բյուջետային աշխատողների շարքում և լոյալության դիմաց ստանալ դիվիդենտներ աշխատավարձի տեսքով: Արդյունքում զգալիորեն ընկել է ուսման որակը, բնական գիտությունների գծով` առավելևս: Թեև հայկական տեխնոլոգիական ընկերությունները զգալի ջանք և գումար են ներդրել Արցախում բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու համար` ոլորտում ներգրավված աշխատողների թիվը հաշվվում է ընդամենը տասնյակներով: Ընկերությունները չեն կարողանում աշխատակիցներ ներգրավել ուսման ցածր մակարդակի պատճառով:

Փոքր և միջին բիզնեսի զարգացման նպատակով հարկավոր է գտնել Արցախի կառավարող էլիտայի ազդեցությունից դուրս գտնվող վարկային միջոցներ, նախընտրելի է ցածր տոկոսադրույքներով:

Քաղաքացիական հասարակության զարգացման տեսանկյունից կարևոր կլինի իրավական խորհրդատվություն, իրավական օգնություն, այդ թվում որակյալ փաստաբանական ծառայությունների մատուցումը հարկային մահակից տուժող գործարարների և աշխատանքային օրեսնգրքի խախտումներից տուժողների համար: Սկզբնական շրջանում այս ծառայությունները կարող են գործել դրամաշնորհային միջոցներով, մինչև որոշակի թվով գործարարներ կկարողանան իրենց միջոցներով ստեղծել շահերի պաշտպանության միություններ:

Հասարակության զարգացման տեսանկյունից առավել քան արդյունավետ կլինի ուժեղ լրատվամիջոցի ստեղծումը, որը տպագիր և էլեկտրոնային տարբերակով բազմակողմանի լրատվություն կհաղորդի և կապահովի բազմաթիվ կարծիքների հրապարակայնացումը:

Արցախի անվտանգության, տնտեսական զարգացման և հասարակության հզորացման համար անհրաժեշտ է բնակչության թվի ավելացում: Վերաբնակեցման ցանկացած ծրագիր արժանի է աջակցության, սրան զուգահեռ հարկավոր է լուրջ ճնշում ՀՀ և Արցախի իշխանությունների վրա` վերաբնակեցման ծրագրերի վերսկսման համար:

Ո՞վ անի

Արցախյան հասարակությունը բավականին թույլ է և անկազմակերպ: Մարդկանց մեծ մասը տարբեր խնդիրների հաղթահարման համար հակված են պատասխանատվությունը դնել պետության վրա: Այնուամենայնիվ վերջին տարիներին տարբեր նախաձեռնություններ են եղել, որոնք արժանի են աջակցության: Կարևոր է Արցախից նախաձեռնությունների առկայությունը, թեև քիչ հույս կա, որ դրանք ֆինանսական աջակցության կարժանանան հենց արցախյան հասարակության կողմից:

Արցախի զարգացումն առաջնահերթություն համարող հայաստանյան տարբեր շրջանակների ներկայացուցիչները: Թե’ համալսարանական, թե’ քաղաքացիական հասարակության, թե’ գործարար և այլ շրջանակներ կարող են էական աջակցություն ցուցաբերել տարբեր ծրագրերի նախաձեռնության և դրանց համար ֆինանսների հայթայթման գործում:

Արցախով հետաքրքրվող այն սփյուռքահայերն ու Սփյուռքի կազմակերպությունները, որոնք բացի կառավարության հետ աշխատելուց պատրաստ են աշխատել նաև արցախյան հասարակության հետ: Սփյուռքի տարբեր ներկայացուցիչների և կազմակերպությունների Արցախի հետ համագործակցության դրական փորձ կա, սակայն այդ համագործակցությունը եղել է հիմնականում Արցախի կառավարության հետ (շատ տրամաբանական է, քանզի կառավարությունն է Արցախի ամենակազմակերպված ուժը), ինչն էլ ծառայել է հոդվածի սկզբում նկարագրված իրավիճակի ստեղծմանը, այն է` իշխանության և ռեսուրսների կենտրոնացմանը մի խումբ մարդկանց ձեռքին:

Հ.Գ.

Այս մտքերն ինձ զբաղեցնում էին երկար ժամանակ: Այսօր որոշեցի դրանցով կիսվել հրապարակային: Կցանկանայի, որ այս հոդվածիս լինեին բազմաթիվ արձագանքներ, ու մենք փորձեինք ինչ-որ քայլեր ձեռնարկել: Կսպասեմ ձեր արձագանքներին, ֆեյսբուքում ինձ կարող եք գտնել այսպես` facebook.com/khanumyan.hayk, իսկ իմ անձնական էլեկտրոնային փոստի հասցեն է` haykkhanumyan@gmail.com

Հայկ Խանումյան

Արցախի Հանրապետության

Ազգային ժողովի պատգամավոր

 

լուսանկարը՝ armef.com կայքի