Հայկ Խանումյանը հանդիպել է ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչների հետ

cazarian_khanumyan

Սեպտեմբերի 16-30-ը գիտաժողովի մասնակցության նպատակով Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավոր, «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը աշխատանքային հանդիպումներ է ունեցել ֆրանսիացի և գերմանացի քաղաքական գործիչների հետ:

Սեպտեմբերի 21-ին Օ-դը-Սեն նահանգի վարչական շենքում Խանումյանին ընդունել է նահանգի խորհրդի նախագահ Պատրիկ Դևեդջյանը: Պատգամավորը խոսել է Արցախի վիճակի, խորհրդարանական կապերի և Արցախի ու Ֆրանսիայի տարբեր համայնքների միջև առկա ապակենտրոնացված համագործակցության մասին: Նահանգապետը ներկայացրել է Օ-դը-Սենի և այլ երկրների շրջանների միջև առկա համագործակցությունը, խոսել իր ղեկավարած նահանգի կողմից տարբեր երկրներում իրականացրած զարգացման հաջողված ծրագրերի վերաբերյալ: Նման ծրագրեր Օ-դը-Սենն իրականացնում է նաև Տավուշի մարզում:

Սեպտեմբերի 25-ին Վալանսում Հայկ Խանումյանին ընդունել է Դրոմի նահանգապետ Մարի-Պիեռ Մուտոն: Հայկ Խանումյանը շնորհավորել է տիկին Մուտոյին նահանգի խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նախկին նահանգապետ Պատրիկ Լաբոնի օրոք հաստատված կապերն ավելի կզարգանան: Նահանգապետն ու պատգամավորը մտքեր են փոխանակել Դրոմի և Արցախի միջև ապակենտրոնացված համագործակցության հեռանկարների վերաբերյալ, նահանգապետն այս կապակցությամբ կարևորել է Արցախից եկող գաղափարներն ու առաջարկները:

Սեպտեմբերի 26-ին Լիոնում Խանումյանը հանդիպել է Ֆրանսիայի Աժ պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Դանիելա Կազարյանի հետ: Պատգամավորները մտքեր են փոխանակել Արցախ-Ֆրանսիա խորհրդարանական համագործակցության մասին, կարևորել Ֆրանսիա-Արցախ և Արցախ-Ֆրանսիա բարեկամության շրջանակների գործունեությունը և դրանցում նոր պատգամավորների ներգրավումը:

Սեպտեմբերի 28-ին Բունդեսթագում Հայկ Խանումյանը հանդիպել է Գերմանիայի խորհրդարանի պատգամավոր, սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող Գաբրիելա Հենրիխի հետ: Հանդիպմանը, որին ներկա էր նաև Նյուրնբերգի հայ համայնքի ներկայացուցիչ Անդրանիկ Միքայելյանը, քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Մասնավորապես Հայկ Խանումյանը ներկայացրել է ղարաբաղյան կարգավորման հետ կապված զարգացումները, իսկ տիկին Հենրիխն իր տպավորություններն է կիսել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ քննարկումներից:

Լուսանկարներում՝ Դանիելա Կազարյան, Հայկ Խանումյան

henrich_khanumyan

Գաբրիելա Հենրիխ, Հայկ Խանումյան,Անդրանիկ Միքայելյան