Արցախում կրճատվող աշխատատեղերի մասին

hayk_khanumyan

2017թ. մայիսի 31-ի ԱԺ նիստում Հայկ Խանումյանի ելույթը նվիրված է եղել Արցախի աշխատանքային շուկայում առկա խնդիրներին: Ելույթն ամբողջությամբ ներկայացված է ստորև.

՛՛Հարգելի՛ ներկաներ,

2016թ. ընթացքում Արցախում կրճատվել է 464 աշխատատեղ, սրան հակառակ ունեցել ենք մոտ 9 տոկոս տնտեսական աճ, աճել է նաև եկամտային հարկի հավաքագրված գումարը: Այս փաստերի հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ տարբեր ոլորտներում տեղի է ունենում լավարկում՝ օպտիմիլիզացիա: Աշխատատեղեր կրճատվում են ոչ միայն պետական համակարգում, այլ նաև մասնավորի մոտ: Շատ հաճախ մեզ մոտ մի շարք մասնավոր ձեռնարկություններ և հատկապես խոշորերը, ստանձնելով սոցիալական պատասխանատվություն, ստեղծել են անարդյունավետ աշխատատեղեր և այսօր փորձում են ազատվել դրանցից՝ ծախսերը նվազեցնելու նպատակով: Իմ գործընկերները կհամաձայնեն ինձ հետ, եթե նշեմ, որ պատգամավորներին դիմող քաղաքացիների մի զգալի հատված դիմում է աշխատանք գտնելու նպատակով: Կարելի է պնդել, որ աշխատանքի հարցն Արցախում սուր է դրված և այն ավելի է սրվելու առաջիկայում սպասվող կրճատումների ֆոնին:

Ազգային վերածնունդ կուսակցությունը միշտ հանդես է եկել արդյունավետության բարձրացման օգտին և միշտ կոչ է արել կրճատել անարդյունավետ պետական բյուրոկրատիան: Սակայն սրան զուգահեռ մենք նշել ենք այն քայլերի մասին, որոնք պետք է կատարի կառավարությունը՝ աշխատուժի պահանջարկը բավարարելու ուղղությամբ: Այս վիճակը ստեղծվել է առավելապես 2010-ական թվականների առաջին կեսին, երբ անհարկի ուռճացվում էր պետական համակարգը, միլիոնավոր դոլարներ էին ծախսվում ծառայողական մեքենաների ձեռքբերման, դրանց սպասարկման համար՝ փոխանակ այդ գումարները ներդրվեին ենթակառուցվածքների ստեղծման ու նորոգման, Արցախի ներդրումային գրավչության բարձրացման նպատակով: Աշխատաշուկայում այսօր ստեղծված վիճակը և գործազրկության աճն այս կառավարության անկարողության վկայությունն են:

Վիճակի առավել վատթարացումից խուսափելու համար հարակավոր է ձեռնարկել մի շարք քայլեր Արցախում կատարվող ներդրումները խրախուսելու նպատակով: Այն հանգամանքը, որ անցյալ տարվա ընթացքում բանկերի արցախյան մասնաճյուղերում ավանդների քանակն ավելացել է, խոսում է այն մասին, որ մեր քաղաքացիներն ու տնտեսվարողները սկսել են ավելի քիչ ներդրումներ անել տնտեսության իրական հատվածում: Այս բնագավառում ամենակարևոր քայլը, մեր կարծիքով, կլինի արտադրություն սկսողներին, ներդրում անողներին ավելացրած արժեքի հարկից և շահութահարկից ազատելը: Նման քաղաքականություն իրականացվել է ՀՀ կառավարության կողմից սահմանամերձ շրջանների նկատմամբ և տվել իր արդյունքները: Այս քաղաքականությունը մենք պետք է իրականացնենք ամբողջ Արցախի նկատմամբ՝ նպատակ ունենալով մեծացնել աշխատաշուկայում առաջարկը՝ դրանով իսկ նվազեցնելով գործազրկության մակարդակը և ստեղծելով ներգաղթի բազա:

Սա այն նվազագույն քայլն է, որ պետք է կատարի կառավարությունը խուսափելու սպասվող մեծ խնդիրներից, ինչպիսիք կարող են լինել գործազրկության աճը և դրա հետևանք հանդիսացող արտագաղթը՛՛:

31 մայիսի 2017