Սահմանադրության նախագծին քվեարկի’ր ԴԵՄ ԵՄ

Արցախի հարգելի’ բնակիչ,

2017թ. փետրվարի 20-ին համաժողովրդական հանրաքվեի է դրվել Արցախի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու հարցը: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը կոչ է անում դեմ քվեարկել սահմանադրական փոփոխությունների այս նախագծին, քանզի.

-Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, գործող սահմանադրությունն ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը:

-Այս փոփոխություններով Բակո Սահակյանը նպատակ ունի նախագահի պաշտոնում մնալ նաև 2017թ.-ից հետո (գործող սահամանդրությամբ նա 2017թ. չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում): Սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում Բակո Սահակյանի համար նախագահել մինչև 2030թ.: Մեկ անձի իշխանության վերարտադրության համար սահմանադրություն փոխելով` մենք նմանվում ենք Ադրբեջանի, Զիմբաբվեի, Թուրքմենստանի և այլ ավտորիտար ռեժիմներով երկրներին: Նման հեռանկարը կթուլացնի Արցախի միջազգային դիրքերը, կկրճատի մեր բարեկամների թիվն աշխարհում, կծնի անարդարության զգացում երկրի ներսում: Կկորչի համայն հայության հավատն Արցախի նկատմամբ, կկրճատվեն ներդրումներն ու նվիրատվությունները:

-Այս փոփոխություններով ժողովուրդն ավելի է հեռացվում որոշումներ ընդունելու գործընթացից: Եթե գործող սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները կատարվում են համաժողովրդական հանրաքվեով, ապա այս նախագծի ընդունվելու դեպքում այդ իրավունքը կանցնի Ազգային ժողովին:

-Սովորաբար քաղաքական իրավունքների սահմանափակմանը հաջորդում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը: ԴԵՄ քվեարկելով սահմանադրության նախագծին՝ մերժում ենք այդ հեռանկարը:

Հետևեք մեզ ֆեյսբուքում՝ www.facebook.com/azgayin.veratsnund

«Ազգային վերածնունդ» կուսակցության ձևավորած Հանրաքվեի քարոզչական շտաբ