Հայկ Խանումյանի ելույթը 2016թ. ԼՂՀ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ

 

Հարգելի’ ներկաներ,

Պետական բյուջեի նախագիծն այն փաստաթուղթն է, որ ամենամեծ քննարկումներն է առաջացնում ոչ միայն Ազգային ժողովում, այլև հասարակության մեջ առհասարակ: Մեր կուսակցությանն առանձնապես հետաքրքրում է, թե այս տարվա բյուջեն ինչքանով է ուղղված երկրի զարգացմանը, ինչպես է արձագանքում մեր հասարակության մեջ եղած մարտահրավերներին` ինչպիսիք են գյուղական ենթակառուցվածքների քայքայված վիճակը, իշխանության և ռեսուրսների անօրինակ կենտրոնացումը, հովանավորչությունը, պետական ապարատի թանկարժեք սպասարկումը, տարբեր ծախսերի կոռուպցիոն ռիսկերը: Մեր քննադատությունն այս փաստաթղթին հիմնականում պայմանավորված է հանրային միջոցներն ավելի արդար բաշխելու ցանկությամբ: Միևնույն ժամանակ մեր քննադատության մեջ մենք ելնում ենք երկրի տնտեսության փաստացի վիճակից և զերծ ենք մաքսիմալիստական առաջարկություններից ու պահանջներից:

Ցավ ենք հայտնում, որ Ազգային ժողովի պատգամավորների և խմբակցությունների առաջարկությունների մեծ մասը մերժվել է կառավարության կողմից: Ես այս ելույթում խոսելու եմ հատկապես «Վերածնունդ» խմբակցության առաջարկությունների մասին, որոնք վերաբերվում են Թալիշից Մարտակերտ ասֆալտապատ ճանապարհի, Քարվաճառում զինվորականների համար բնակարաններ կառուցելու, առողջապահական և այլ հարցերի: Առաջարկված ծրագրերի ծախսերը մոտովորապես մեկուկես միլիարդ դրամի շրջանակներում են: Շատ է արդյո՞ք այս գումարը, թե ոչ` կարելի է հասկանալ պատկերավոր համեմատության մեջ:

Բյուջեի պլանավորման վերաբերյալ նոյեմբերյան խորհրդակցության ժամանակ երկրի ղեկավարը պետական համակարգի ուռճացումը համարել էր վրիպում: Փորձենք հասկանալ թե ի՞նչ արժեցավ այս վրիպումը երկրի համար: Միայն ծառայողական մեքենաների գնումը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին գնահատվում է մի քանի հարյուր միլիոն դրամ արժողությամբ, տարիներ շարունակ դրանց սպասարկումը էլ ավելի թանկ: Նախագահի ասած այս վրիպումը դրամական տեսքով ավելին է, քան ԱԺ պատգամավորների և խմբակցությունների կատարած առաջարկություններն ամբողջությամբ վերցրած: Ո՞վ պետք է պատասխան տա բյուջեի այս կարգի վատնման համար, հստակ չէ: Սրան ավելանում է նաև վրիպման արդյունքում ձեռք բերված ավտոմեքենաների ոչ թափանցիկ օտարումը: Մեքենաների շուկայականից ցածր արժեքով օտարումը մի գործընթաց է, որը լուրջ կասկածներ է առաջացնում կոռուպցայի հետ կապված:  Վրիպումը կամ սխալը ենթադրում է դասերի քաղում կատարածից: Այսօր ընթացող գործընթացը ցույց է տալիս, որ առաջիկայում նոր վրիպումներ ենք ունենալու: Մեքենաների գնումն ու օտարումն ամենատեսանելի օրինակներն են, որոնց անարդյունավետությունը երևում է նույնիսկ անզեն աչքով: Իսկ ի՞նչ ասել բազմամիլիարդանոց ուղղությունների, օրինակ կապիտալ շինարարության վերաբերյալ: Քաղաքացիական հասարակության թույլ լինելը, այլընտրանքային մամուլի զարգացած չլինելը թույլ չի տալիս հասարակական արդյունավետ վերահսկողություն կատարել տարբեր ծրագրերի ուղղությամբ:

Մենք կցանկանայինք տեսնել առավելապես զարգացման բյուջե, երկրի զարգացման տեսլականի թվային արտահայտություն: Ընդհանրապես, պետական բյուջեն պետք է դառնա խորհրդարանական վերահսկողության առանցքային գործիք: Ամիսներ առաջ 2015թ. կատարողականի, ապա և 2016թ. բյուջեի նախագծի քննարկումներն ինձ մոտ այդ տպավորությունը չեն ստեղծել: Այս առումով ապագայում ես փոփոխություններ եմ ակնկալում նաև բյուջետավորման բնագավառում:

Ամփոփելով խոսքս, ուզում եմ շեշտել, որ դեմ քվեարկելն ինձ համար ինքնանպատակ չէ: Ավելին, ես պատրաստ էի դեմ չքվեարկել, եթե այս տարվա բյուջեում տեսնեի գոնե գյուղական ենթակառուցվածքների վերականգնմանն ուղղված նպատակային քաղաքականություն: Նույնիսկ այս նվազագույնը բացակայում է 2016թ. բյուջեի նախագծում: Իմ տեսակետն այս պարագայում հստակ է` ես դեմ եմ քվեարկելու 2016թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծին:

Շնորհակալություն:

Հայկ Խանումյան

23 դեկտեմբերի 2015թ.