Հայկ Խանումյանը բնակչության հավասարաչափ տեղաբաշխման մասին

khanumyan_haykՀայկ Խանումյանի ելույթը ԱԺ լիագումար նիստում

Ազգային հզորության կարևորագույն բաղադրիչներից է բնակչության հավասարաչափ տեղաբախշումը: Այն երկրներում, որտեղ բնակչությունը հնարավորինս հավասարաչափ է տեղաբաշխված, այդ երկրների զարգացման հեռանկարներն ավելի հստակ են, անվտանգությունն ավելի ապահով: Ցավոք, այսօր Արցախում տեղի է ունենում երկրի ստեփանակերտիզացիա, երբ բնակչության 40 տոկոսը կենտրոնանում է մայրաքաղաքում: Խորհրդային տարիներին նկատված այս երևույթն ավելի է խորացել վերջին տարիներին: Սրա հիմնական պատճառը երկրում առկա իշխանության և ռեսուրսների աննախադեպ կենտրոնացումն է, աշխատատեղերի խնդիրը ուռճացված բյուրոկրատիա ստեղծելով լուծելը, բյուրոկրատիայի թանկ սպասարկումը: Բնակչության անհամաչափ տեղաբաշխումը բերում է կրթական, առողջապահական և այլ ծախսերի ավելացման՝ մեծ տեղ զբաղեցնելով բյուջեի ծավալում:

Բյուջե 2016-ի նախագծի շուրջ պատգամավորների և խմբակցությունների առաջարկությունների մի զգալի մասը վերաբերում են շրջաններում ենթակառուցվածքների ստեղծմանը: Այս ոլորտում այնքան խնդիր կա, որ կառավարությունից անընդհատ պահանջելու բան կգտնվի: Սակայն կան տարրական քայլեր, որոնք հարկավոր է կատարել երկրի հետագա ստեփանակերտիզացիան և բնակչության տեղաբաշխման սրացումը կանխելու համար:

Դրանցից առաջնայինը ամեն տարի որևէ գյուղական ուղղության ճանապարհների ասֆալտապատումն է: Մենք չենք կարող սպասել, որ հայտնվեն նոր Լևոն Հայրապետյաններ կամ Հայկ Մաղաքելյաններ, ովքեր իրենց վրա կվերցնեն այս կամ այն գյուղի ճանապարհների կառուցումը: Արցախը չի ունեցել և առաջիկայում հավանաբար չի ունենալու Լինսի հիմնադրամի կամ Հազարամյակի մարտահրավերների նման ծրագրեր, հետևաբար արտաքին նմանատիպ օգնության վրա հույս դնել չի կարելի: Վստահ եմ, որ բյուջեով ամեն տարի գյուղական որևէ ուղղություն կառուցելը այս խնդրի վրա  էլ ավելի կհրավիրի տարբեր բարեգործների ուշադրությունը:

Երկրորդ կարևոր ուղղությունը գյուղերից դեպի շրջկենտրոններ տրանսպորտի զարգացումն է: Ընդհանրապես կանոնավոր տրանսպորտի բացակայությունը գյուղերում կյանքը դարձնում է քիչ հրապուրիչ և ազդում բնակիչների շարժունակության վրա: Պետությունը պարտավոր է այս ոլորտում օգտագործել իր խթանիչ գործիքները՝ տրանսպորտային ծառայությունների ոլորտում գործարարությունը զարգացնելու համար:

Երրորդ կարևոր խնդիրը բնակֆոնդի խրոնիկ պակասն է հատկապես պատերազմից ավերված բնակավայրերում: Թեև բնակֆոնդի ուղղությամբ ինչ-ինչ ծրագրեր կան, սակայն դրանց արդյունքները դեռևս զգալի չեն: Կոնկրետ շրջանում բնակֆոնդի բացակայությունը նույնիսկ թույլ չի տալիս շրջան տեղափոխել վարչակազմի որոշ ստորաբաժանումներ: Ստացվում է մի վիճակ, երբ ունենք աշխատատեղեր, լինի դա բյուրոկրատիան կամ բանակը, սակայն չունենք բնակֆոնդ այդ աշխատողներին կացարանով ապահովելու համար:

Բնակչության տեղաբաշխման հավասարաչափության հարցը պետք է լուծվի բնակչության ավելացման հաշվին: Վերոնշյալ քայլերն այն նվազագույնն են, որ հնարավորություն կտան երկրի հավասարաչափ զարգացման տեսլական ունենալ:

16 դեկտեմբեր 2015