Բյուջեի կատարողականին գնահատական է տալիս «Վերածնունդ» խմբակցությունը

Ազգային ժողովՀունիսի 16-ից «Բյուջե-2014»-ի կատարողականի քննարկումները մեկնարկեցին խորհրդարանական խմբակցությունների ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստերում։

Առաջին օրը բյուջեի հաշվետվության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու դիտողությունները ներկայացրեց «Վերածնունդ»  խմբակցության պատգամավորը։

Կառավարությունից նիստերին ներկա էին ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու փոխնախարարը։

«Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանը, նշելով, որ իրեն հետաքրքրող հարցերը մինչ  այդ կայացած հանձնաժողովների նիստերում բարձրացնելու հնարավորություն ունեցել է, փորձեց ի մի բերել դրանք։ Նախ նշվեցին բյուջեի կատարողականի  հաշվետվության կազմման թերացումները։ Հ. Խանումյանը (նման կարծիք հայտնեցին նաև այլ պատգամավորներ) ոչ ճիշտ համարեց այն հանգամանքը, որ բյուջեում գերատեսչություններին տրամադրված հատկացումների և դրանց ծախսերի վերաբերյալ մանրամասներ չկան։ Չնայած օրենքը թույլ է տալիս հաշվետվության կազմման նման ձևաչափ, այնուամենայնիվ, պատգամավորները միակարծիք էին, որ դա խորհրդարանականներին զրկում է ավելի հանգամանորեն բյուջետային ծախսերին ծանոթանալու, հետևապես և քննարկելու, թեր և դեմ կողմերը վերհանելու հնարավորությունից։ Գլխադասային հանձնաժողովի նախագահ Ռ. Իսրայելյանը նման ձևաչափով բյուջեի քննարկումների կազմակերպման իմաստն ուժը կորցրած է համարում։

Հ. Խանումյանը որպես օրինակ նշեց այն, որ, ասենք, ենթաշրջանային ծրագրերի վերաբերյալ պատգամավորներին ներկայացված որևէ թիվ չկա՝ բացի դրանց շարադրանքից։

Ֆինանսների և էկոնոմիկայի  նախարար Ս. Թևոսյանը պարզաբանեց, որ հաշվետվությունը կառավարությունը կազմում է ըստ օրենքի պահանջների, բայց իրենք պատրաստ են համագործակցելու խորհրդարանի հետ ցանկացած ձևաչափով, և եթե ավելի մանրամասն վերլուծության պահանջ կա, պատրաստ են աշխատել դրա շրջանակներում։ Որպես հավելում, կառավարության լիազոր ներկայացուցիչները նշեցին, որ հարցի վերաբերյալ հաշվի է առնվել այն հանգամանքը, որ գերատեսչությունների ղեկավարները մանրամասն  հանդես են գալիս բյուջետային հատկացումների ու ծախսերի վերաբերյալ հաշվետվություններով, և պատգամավորները հնարավորություն են ունեցել ծանոթանալու դրանց հետ։ Ս. Թևոսյանը բյուջեն խորհրդարանին ավելի բաց ներկայացնելու վերաբերյալ պահանջը բավարարելու խնդրում որևէ պրոբլեմ չի տեսնում։ Նա ԱԺ-ին առաջարկեց մշակել մի ձևաչափ, որին  համապատասխան կկազմվեն հաշվետվությունները։ Ռ. Իսրայելյանը համաձայնեց այդ տեսակետին, նշելով, որ եթե թերացումը օրենքի մեջ է՝ խորհրդարանը կարող է հանդես գալ փոփոխությունների առաջարկով։

«Վերածնունդ» խմբակցության ղեկավարին հետաքրքրում էին վերաբնակեցվող որոշ տարածքներում սեփականաշնորհման գործընթացի հետ կապված խնդիրների պատճառները, ինչի մասին կառավարության ներկայացուցիչներն ասացին, որ հարցի լուծումն ընթացքի մեջ է։ Գործընթացի ձգձգման հիմնական պատճառը վերաբնակիչների կողմից վերցված՝ վերադարձման ենթակա վարկերն են։ Հարցի չլուծման պատճառներից մեկն էլ խնդրո առարկա ընտանիքների որոշ անդամների հանրապետությունում չգտնվելն է, քանի որ ընտանիքի անդամների բացակայության հետևանքով  փաստաթղթային ձևակերպումներ կատարել չի ստացվում։ «Վերածնունդ» խմբակցության ղեկավարը մտահոգություն հայտնեց նաև այն մասին, որ, ըստ իր կողմից կատարված ուսումնասիրությունների, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ իրենց հարազատներին պատկանող գույքը վարձակալության են տրամադրում պետական կառույցներին։ Մտահոգությունն այն է,  որ նման ձևով  կոռուպցիայի հիմք է ստեղծվում։ Ս. Թևոսյանը նշեց, որ նման տեղեկատվություն չունի։ Բայց եթե կան  այդպիսի հարցեր, դրանք առանձին-առանձին պիտի քննարկել՝  ձեռքի տակ ունենալով ցուցակները։ Քննարկումների ժամանակ Ռ. Իսրայելյանը կարծիք հայտնեց, որ եթե կա փաստ այն մասին, որ վարձակալության տրված տարածքը տրամադրված է շուկայականից բարձր գնով՝ հարցի քննարկումը հրատապ է դառնում, եթե ոչ՝ ապա ինչ տարբերություն, թե ում տարածքն է վարձակալվել պետական կարիքների համար։

Տեղեկատվական ոլորտում բյուջետային հատկացումների մասին ևս խոսք գնաց։ Հ. Խանումյանը գտնում է, որ գումարներն անարդյունավետ են ծախսվում այդ ոլորտում, և հենց նույն ոլորտում կարիք կա դրանք ավելի նպատակային օգտագործելու։ Ֆինանսների նախարարը պատասխանեց, որ իրենք լիազորված չեն արդյունավետությունն ու անարդյունավետությունը քննարկելու, և հարցի համար այլ հասցեատեր պիտի փնտրել։

Որոշ հարկերի մուտքերի նվազման միտման մասին ևս  խոսք գնաց, ինչը կառավարությունը պայմանավորում է «Բեյզ Մեթըլս»-ի արտադրության ծավալների նվազմամբ, նաև հարկատուների այս կամ այն հարկատեսակով հարկման մեխանիզմի փոփոխություններով։ Հնարավոր է նաև՝ լինեն վճարման ենթակա գումարներ, որոնց փաստաթղթային  ձևակերպումները կատարված լինեն նախորդ կամ հաջորդ  տարվա կտրվածքով։ Ս. Թևոսյանը հնչեցրած հարցերին ի պատասխան խնդրեց դրանք ուղղել կոնկրետ հասցեատերերի՝ եթե պատգամավորներին պետք են մանրամասն վերլուծություններ այս կամ այն ոլորտի վերաբերյալ։

Սրբուհի Վանյան

«Ազատ Արցախ» հանրապետական թերթ

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>