«Ազգային վերածնունդ» կուսակցություն: Նախընտրական ծրագիր

«Ազգային վերածնունդ» կուսակցություն

Նախընտրական ծրագիր

Նախաբան

Հարգելի՛ արցախցիներ,

Վերջին տարիներին վարվող քաղաքականությունը էապես վնասել է Արցախի անվտանգությանը, հզորությանը և արցախցիների բարեկեցությանը: Հանրային միջոցների անարդյունավետ ծախսումը, համատարած կոռուպցիան, տնտեսական դաշտում առկա կենտրոնացման երևույթները, կոշտ հարկային քաղաքականությունը, մենաշնորհները, բիզնեսի և իշխանության սերտաճումը հանգեցրել են բնակչության լայն շերտերի եկամուտների կրճատմանը, աղքատության աճին, արդարության դեֆիցիտին, Արցախից հեռանալու տրամադրությունների ուժեղացմանը և այլն:

Մեր երկրի պաշտպանության ոլորտում արված անբավարար քայլերը խոցելի են դարձրել մեր սահմաններն ու մեր զինվորին:

2015թ. մայիսի 3-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելով՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը նպատակ ունի խնդիրների լուծման իր տարբերակները ներկայացնել ժողովրդի դատին:

Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելով համեմատաբար նոր թիմով՝ մենք մեր թիկունքին ունենք Արցախի ազատագրման ու պետության կայացման գործում էական ներդրում ունեցող անձանց:

Հիմնական նպատակներ

-Արցախում ազգային իղձեր իրականացնելու ունակ իշխանությունների ձևավորումը:

–Արցախի միջազգային ճանաչմանը նպաստելը։

-Անվտանգության մակարդակի բարձրացումը, զինվորի խոցելիության հնարավորինս բացառումը:

-Համայն հայությանը Արցախի կյանքում առավել մեծ ներգրավումը:

-Քաղաքացիական հասարակության ուժեղացումը:

-Դատարանների իրական անկախության ապահովում:

-Իշխանության և բիզնեսի տարանջատումը և դրա համար իրական մեխանիզմների ստեղծումը:

-Հանրային միջոցների առավել արդար և արդյունավետ կառավարումը:

-Գործարարության և ներդրումների համար բարենպաստ միջավայրի ստեղծումը:

-Հարկային դաշտի պարզեցումը:

-Գյուղական շրջաններում զբաղվածության խնդրի լուծումը և գյուղական ենթակառուցվածքների արդիականացումը:

-Ապակենտրոնացումը և շրջանների զարգացումը:

-Մրցունակ տնտեսական համակարգի կայացումը:

-Սոցիալական ապահովության նոր համակարգի ստեղծումը:

-Ադրբեջանից բռնագաղթած հայ փախստականների համար սոցիալական երաշխիքների ամբողջականացումը:

 

Արցախի հարց

Արցախի հարցում «Ազգային վերածնունդ» կուսակցության համար առաջնայինը ձեռբերված հաղթանակի ամրապնդումն է և հաղթական ելքի վերջնական ամրագրումը։

Մենք բոլոր ջանքերը պետք է ներդնենք միջազգային ասպարեզում Արցախի դե յուրե ճանաչման համար՝ ԼՂՀ սահմանադրությամբ ամրագրված տարածքով։

Մենք մերժում ենք պարտվողականությունն ու հոռետեսությունը։

Պաշտպանություն և զինված ուժեր

Անհրաժեշտ է բանակն աստիճանաբար համալրել արհեստավարժ ստորաբաժանումներով, ապահովել բանակի սպառազինության և նյութատեխնիկական հագեցվածության բարձր աստիճան, կրճատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության տևողությունը՝ պայմաններ ընձեռնելով զորակոչիկներին՝ տիրապետելու ռազմական տեխնիկային և արդի ռազմարվեստին:

Անհաժեշտ է սահմանագծի պաշտպանության ավտոմատացումը, որը անհնար կդարձնի թշնամու կողմից դիվերսիոն հարձակումները:

Արցախի պաշտպանությանը ներգրավված պայմանագրային բոլոր զինծառայողները ծառայության ավարտից հետո իրենց ծննդավայրում (եթե Արցախից չեն իրենց ցանկությամբ Արցախի ցանկացած վայրում) պետք է ապահովեն բարեկարգ բնակարաններով:

Արտաքին քաղաքականություն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ արտաքին քաղաքականության հիմնական խնդիրը, բացի Արցախի միջազգային ճանաչման ու անվտանգության հարցերից, պետք է լինի ակտիվ արտաքին տնտեսական գործունեությունը: Կարևորելով Ռուսաստանի, Արևմուտքի և Արևելքի հետ հավասարակշռված հարաբերությունները՝ հատկապես մեծ տեղ ենք հատկացնում հարևան Իրանի հետ սերտ առևտրատնտեսական կապերի հաստատումը, ինչը վերջին տասնամյակում գրեթե գոյություն չունի: Մենք համարում ենք, որ Արցախի Հանրապետությունը, որպես հայկական պետություն, պետք է ակտիվորեն մասնակցի համահայկական խնդիրների լուծմանը՝ առաջնահերթ նշանակություն տալով դեպի Հայրենիք հայրենադարձության համար պայմանների ստեղծմանը:

2015թ. մայիսին ձևավորվելիք Ազգային ժողովում ունենալով ընտրողի քվեն՝ կուսակցությունը մտադիր է նոր որակի հասցնել խորհրդարանական դիվանագիտությունը՝ կուսակցության միջազգային կապերը ի նպաստ դնելով Արցախի միջազգային վարկանիշի և ճանաչվածության մակարդակի բարձրացման համար:

Տնտեսականզարգացում

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Արցախի տնտեսության զարգացման գործում առաջնային է համարում նպաստավոր գործարար միջավայրի ստեղծումը, մեղմ հարկային քաղաքականությունն ու պարզեցված հարկային համակարգի ներդրումը, արցախյան արտադրանքի համար շուկաներ որոնելու, նոր աշխատատեղերի ստեղծմանն ուղղված քաղաքականությունը։

Հարկային դաշտի պարզեցումը և հարկային բեռի թեթևացումը մեզ համար օրախնդիր հարց է: Մենք գտնում ենք, որ ավելացված արժեքի հարկը, շահութահարկը, առևտրի հարկը պետք է վերացվեն և մտցվի մեկ միասնական՝ շրջանառության հարկ, ինչը նաև ենթադրում է փաստաթղթաշրջանառության ապահովման ամբողջական ապահովման միջոցառումներ:

Առևտրի և սպասարկման ոլորտի համար հարկը կկազմի շրջանառության 2 տոկոսը, իսկ արդյունաբերության համար՝ շրջանառության 5 տոկոսը: Այսինքն՝ բիզնես անող մարդը՝ լինի նա փոքր, միջին կամ խոշոր դաշտի ներկայացուցիչ՝ վճարում է մեկ միասնական հարկ՝ պայմանով որ պետք է փաստաթղթաշրջանառությունն ամբողջությամբ ներկայացնի՝ աշխատելով ամբողջությամբ ստվերից դուրս:

Մենք համոզված ենք, որ հարկային բեռի թեթևացումն ու հարկային համակարգի պարզեցումը կավելացնի բյուջետային մուտքերը։ Այս մոտեցումը էապես կթեթևացնի տնտեսվարողների գործունեությունը, կառաջացնի տնտեսական ակտիվություն, կներգրավի նոր ներդրումներ: Միևնույն ժամանակ պետությունը շահագրգռված կլինի մասնավոր ձեռներեցությունը խրախուսել, որպեսզի կարողանա մուտքեր ապահովել ու կատարել իր ֆունկցիոնալ պարտականությունները։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը դեռևս մեկ տարի առաջ հանդես էր եկել Արցախում հարկային համաներում անցկացնելու առաջարկով, ինչը մերժվել էր կառավարության կողմից: Ազգային ժողովում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես է գալու հարկային համաներում անցկացնելու նախաձեռնությամբ, որպեսզի ներվեն առկա հարկային տույժերն ու տուգանքները:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն իր ստեղծման պահից հանդես է եկել որպես մասնավոր ձեռներեցության ու հատկապես՝ փոքր ու միջին բիզնեսի շահերը ներկայացնող կուսակցություն: Մենք խորապես համոզված ենք, որ ուժեղ հասարակության ու պետության հիմքը կարող է լինել միայն զարգացած փոքր ու միջին բիզնեսը:

Պետք է ամեն կերպ խթանել մասնավոր նախաձեռնությունները տնտեսական դաշտում։ Այդ իսկ նպատակով կարևորում ենք ցածր տոկոսադրույքներով վարկերի տրամադրումը, դրանց վերահսկողության իրական մեխանիզմների ստեղծումը, որը պետության ու մասնավորի համագործակցության ամենալավ օրինակը կարող է դառնալ։

Կուսակցությունը հատկապես կարևորում է մթերող և վերամշակող փոքր ձեռնարկությունների հիմնումը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը մեծ դեր է տալիս տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների զարգացմանը: Վերջին հինգ տարիների փորձը ցույց է տալիս, որ ոլորտի ձեռնարկություններն Արցախում կարող են հազարավոր աշխատատեղեր ստեղծել, սակայն բախվում են կադրային խնդիրների հետ: Մենք գտնում ենք, որ այս հարցը լուծելու համար հարկավոր է քաղաքական կամք՝ դրսևորել կրթության որակը բարձրացնելու նպատակով: Մենք համարում ենք, որ ոլորտի զարգացման համար էական կլինի բանակի հետ համագործակցությունը: Անվտանգության խնդիրների տեխնոլոգիական լուծումներ փնտրելը կբերի բանակի կողմից այս ոլորտին տրվող մեծ պատվերներ, ինչը թույլ կտա ծառայության մեջ գտնվող կադրերին օգտագործել իրենց ամբողջ ներուժը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կողմ է մասնավորի համար ոչ հրապուրիչ շրջաններում և ոլորտներում պետության կողմից կատարվող ներդրումներին, որոնք նպատակ ունեն ստեղծել նոր արտադրական հզորություններ և ենթակառուցվածքներ: Տեղական արտադրողներին պետությունը պետք է աջակցի շուկաներ գտնելու հարցում: Որպես սկզբնական քայլ կարևորում ենք արտահանման խրախուսման պետական ընկերության ստեղծումը, ինչը կունենա բեռնափոխադրումներ կատարելու հնարավորություն: Արցախյան արտադրանքի սպառման արտերկրյա ավանդական շուկաներում գրագետ աշխատանքը նույնպես կլինի այս ընկերության խնդիրներից մեկը, ինչը հնարավորություն կտա կտրուկ մեծացնել արցախյան արտադրանքի ծավալը:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համար մտահոգիչ է Արցախի բնակչության վարկային կախվածությունը: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արտարժույթով վարկ վերցրած բնակիչները չտուժեն արտարժույթի փոխարժեքի փոփոխություններից:

Արցախի տնտեսության զարգացման հեռանկարի առումով կարևոր քայլ կլինի Հայաստանին կապող երկաթուղու շինարարությունը: Հաշվի առնելով, որ հայկական երկաթուղին վերջանում է հենց Արցախի սահմանին՝ Սոթք բնակավայրի մոտ, լրիվ իրատեսական է դեպի Արցախ երկաթուղու կառուցման խնդիր դնելը և ՀՀ–ի հետ համատեղ լուծելը: Սկզբնական շրջանում այն կարող է ձգվել մինչև Դրմբոն, մոտ 100 կմ հատվածով, իսկ հետագայում մինչև Արցախի հարավ՝ անցնելով Մարտակերտ, Մարտունի, Հադրութ քաղաքաներով և հասնելով ընդհուպ ՀՀ Մեղրի քաղաք:

Հաշվի առնելով, որ երկաթուղու կառուցումը հսկայական միջոցներ է պահանջում, երկաթուղու կառուցման նախագիծը ռազմավարական, ռազմաքաղաքական ու հեռանկարային ծրագրերի շարքին կարելի է դասել, բայց պետք է պետականորեն դնել այդ խնդիրը և հասնել լուծման։

Էներգետիկ համակարգ

Արցախի իշխանությունները չեն կատարել Արցախն էլեկտրաէներգիայի առումով ինքնաբավ երկիր դարձնելո իրենց խոստումը:

Էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում շահերի բախման և համակարգի անարդյունավետության պատճառով զգալիորեն թանկ է մեկ կվտ  էլեկտրաէներգիայի արժեքը: Մեկ կվտ/ժամի դիմաց 42 դրամ գինը (կառավարության սուբսիդավորմամբ ֆիզիկական անձանց համար էլեկտրաէներգիայի գինը կազմում է 25 դրամ), Արցախի պայմաններում բավականին թանկ գին է, ինչն առաջացնում է սոցիալական լարվածություն, հատկապես ջեռուցման ամիսներին:

Համակարգի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Արցախում կարելի է հասնել մեկ կվտ ժամի դիմաց 20 դրամ սակագնին՝ բնակչության համար և 15 դրամ սակագնին՝ տնտեսվարողների համար: Այսինքն՝ պետությունը կազատվի դոտացիայի բեռից, իսկ տնային տնտեսություններն ու բիզնեսը զգալի կկրճատեն իրենց ծախսերը։

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կողմ է Արցախում այլընտրանքային էլեկտրաէներգիայի զարգացմանը, ինչպես նաև տնտեսության մեջ էներգախնայող համակարգերի ներմուծմանը:

Գյուղ և գյուղատնտեսություն

Արցախի զարգացման խոչընդոտներից մեկը գյուղական թերզարգացած ենթակառուցվածքներն են և գյուղերի փոքր լինելը:

Գյուղերում բնակչության թվի ավելացմանը հաճախ խոչընդոտում է բնակֆոնդի բացակայությունը: «Ազգային վերածնունդ» կուսակցությունը համարում է, որ գյուղական վայրերում և շրջկենտրոններում հարկավոր է իրականացնել լայնածավալ սոցիալական բնակարանաշինություն, ինչը թույլ կտա աճող ընտանիքներին նոր օջախների սկիզբ տալ: Այս հարցում, բնականաբար, պետք է ներգրավել հայության ռեսուրսները, և կարևոր նախապայմանն արդյունավետ գործող ու լեգիտիմ իշխանություններն են, որպեսզի գումարներ հատկացնողները վստահ լինեն, որ գումարները չեն փոշիացվելու։ Լավագույն տարբերակն, իհարկե, այն կլինի, որ գումարներ հատկացնողներն իրենք հետևենք շինարարության ընթացքին՝ անմիջապես կառավարելով գործընթացը։

Համայնքային եկամուտների աճի համար կարևորում ենք կենտրոնացված ու տեղական նշանակության հարկերի ճիշտ համադրությունն ու դոտացիայի ճկուն մեխանիզմի ներդրումը։

Համայնքների սեփական եկամուտների ավելացումը թույլ կտա կարգի բերել գյուղական ճանապարհները, լուծել տրանսպորտի խնդիրները:

Օրախնդիր է դարձել Արցախում պայմանագրային ծառայություն անցնող զինվորականների ընտանիքների համար ծառայության վայրերին մոտ տների կառուցումը (հատկապես Քարվաճառ, Մարտակերտ, Հադրութ, Մարտունի քաղաքներում), ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել այս քաղաքների բնակչությունը:

Գյուղատնտեսության զարգացման տեսանկյունից կուսակցությունը կարևորում է մոդելային տնտեսությունների խրախուսումը: Կարևոր խնդիր պետք է դառնա հաջողակ տնտեսությունների փորձի կիրառումը տարբեր շրջաններում: Կառավարման այս մոտեցումը կառաջացնի առողջ մրցակցություն տարբեր շրջանների, համայնքների միջև, ինչպես նաև կոոպերացիայի, պետական տնտեսությունների կամ մենատնտեսության կողմնակիցների միջև:

Կուսակցությունը գտնում է, որ պետք է գործունեության համար անհրաժեշտ օրենսդրաիրավական պայմաններ ստեղծվեն գյուղացիական փոխօգնության միությունների, գյուղատնտեսության զարգացման խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների այլ միությունների համար:

Ապակենտրոնացումևտեղականինքնակառավարում

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարևոր տեղ է հատկացնում  Արցախի կառավարման համակարգում ապակենտրոնացմանը, ինչը ենթադրում է նոր աշխատատեղերի, տների և ենթակառուցվածքների ստեղծում շրջաններում: Սա թույլ կտա կրճատել մայրաքաղաքի և շրջանների միջև զարգացման հսկայական տարբերությունը: Մենք նպատակ ունենք ստեղծել իրական մեխանիզմներ տեղական ինքնակառավարման իրականացման համար: Սա նախևառաջ ենթադրում է համայնքների համար սեփական եկամուտների ստեղծում։

Համայնքների սեփական եկամուտները մեծացնելու նպատակով «Ազգային վերածնունդ» կուսակցությունը համարում է, որ պետական պահուստային հողերը՝ վարելահողերն ու արոտավայրերը պետք է բաժանվեն համայնքների միջև: Սրանց վարձակալությունից (կոմերցիոն նպատակներով) եկող գումարներն էլ պետք է համալրեն համայնքային բյուջեն:

Միևնույն ժամանակ մենք համարում ենք, որ գյուղատնտեսությանը զարկ տալու և գյուղացիների սոցիալական վիճակը բարելավելու նպատակով անհրաժեշտ է գյուղացիներին ազատել հողահարկից և արոտավայրի հարկից (այս հարկատեսակից ստացվող մուտքերը փոքր են, ինչը կարելի է փոխհատուցել համայնքներին պետական բյուջեի կողմից տրվող հատկացումներով):

Սոցիալական քաղաքականություն և առողջապահություն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարևորում է սոցիալական պաշտպանվածության միասնական համակարգի ստեղծումը, որն իր մեջ կներառի նաև բոլոր տեսակի բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը: Արցախի բոլոր քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվելու բարձրորակ բժշկական ծառայություններից, անհրաժեշտության դեպքում համակարգը կհոգա արտասահմանյան կլինիկաներում բուժման ծախսերը: Սկզբնական շրջանում համակարգը կաշխատի պետական բյուջեի, բարեգործական միջոցների հաշվին, այնուհետև կներդրվի մատչելի բժշկական ապահովագրություն:

Համակարգը ենթադրում է բժշկական անձնակազմի աշխատավարձերի բազմապատկում՝ որակյալ ծառայություններ մատուցելու գործում կարևորելով բժիշկների, բուժակների և բժշկական մնացած անձնակազմի նյութական ապահովությունը:

Արցախի Հանրապետության բյուջեի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ արդյունավետության բարձրացման և կոռուպցիայի զսպման շնորհիվ կարելի է զգալիորեն բարձրացնել կենսաթոշակները և նվազագույն աշխատավարձերը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ Արցախի ներկայիս բյուջեն թույլ է տալիս նվազագույն կենսաթոշակը հասցնել 65 հազար դրամի (130 դոլարի համարժեքի հաշվարկով)՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն, իսկ նվազագույն աշխատավարձը սահմանել 140 հազար դրամ (300 դոլարի համարժեքի հաշվարկով) ներկայիս 50 հազար դրամի փոխարեն:

Հատուկ ուշադրություն է անհրաժեշտ տրամադրել մանկական նպաստին: Ժողովրդագրական խնդիրների լուծման և ծնելիության խրախուսման համար անհրաժեշտ է մանկական նպաստը տալ մինչև 6 տարեկան երեխաների համար (ներկայիս մինչև երկու տարեկանի փոխարեն)՝ որպես բազային գումար սահմանելով ամսական 24 հազար դրամը (50 դոլարի համարժեքի հաշվարկով):

Կրթություն և գիտություն

Տարիներ շարունակ կրթության և գիտության ասպարեզում Արցախում շեշտը դրվել է ոչ թե արդյունքի, այլ՝ ընթացակարգի վրա:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը կարևորում է զարգացած կրթական համակարգի դերը երկրի տնտեսության և հասարակության զարգացման գործում, առաջնահերթ համարում ՀՀ-ում գործարկվող «Կրթության գերազանցության ազգային ծրագրի» ներդրումն Արցախի հանրակրթական ոլորտում, նպատակամղված ֆինանսավորումը բուհերում տարբեր ոլորտի մասնագետների պատրաստման հարցում: Բարձրագույն կրթության ոլորտում պետական պատվերներ կստանան ոչ միայն պետական, այլև՝ մասնավոր բուհերը՝ ըստ իրենց «թողարկած» շրջանավարտների որակի:

Մեր կողմից կարևորվում է գիտության ֆինանսավորումը ՀՆԱ-ի մեկից երեք տոկոսի չափով: Որպես ֆինանսավորման հիմնական ուղղություն ընտրելով թեմատիկ հետազոտությունների ֆինանսավորումը՝ մեծ կարևորություն տալով կիրառական ճյուղերին:

Կուսակցությունը գտնում է, որ պետք է նպաստել նաև մասնավոր   նախադպրոցական հաստատությունների ստեղծմանը։

Մշակույթ և զբոսաշրջություն

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը գտնում է, որ հարկավոր է համապատասխան մասնագետների ներգրավմամբ մշակույթի կառավարման նոր մոտեցումների ներմուծում, ինչը թույլ կտա մշակութային նախաձեռնությունների համար գտնել միջոցներ և նոր հնարավորություններ ստեղծել օժտված անհատների ու խմբերի համար:

Մենք կարևորում ենք  զարգացած զբոսաշրջային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչը ենթադրում է Արցախի հարուստ մշակութային ժառանգության, պատմության և արդիականության պատշաճ մատուցումը:

ՀՀ–ում գործող համապատասխան պետական ու մասնավոր կառույցների հետ համագործակցության խթանմամբ հարկավոր է խթանել զբոսաշրջությունը։

Քաղաքացիական հասարակության կայացում և ուժեղացում

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը համոզված է, որ իշխանությունների արդյունավետության մակարդակը կախված է հասարակության ինքնակազմակերպման մակարդակից: Ինչքան ուժեղ է հասարակությունը, այնքան արդյունավետ է իշխանությունների կողմից իրականացվող կառավարումը, բարձր է վստահության մակարդակը և հնարավոր արդար համակարգի ներդրումը:

Հասարակության ուժեղացման տեսանկյունից մենք կարևորում ենք քաղաքական բազմակարծությունը, ընտրությունների միջոցով սեփական իշխանություն ձևավորելու և այն փոխելու ժողովրդի ունակությունը, անկախ և ուժեղ լրատվամիջոցների առկայությունը, քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների ակտիվ գործունեությունը, այդ թվում աշխատավորների շահերի պաշտպանությունը արհմիությունների գործուն համակարգի միջոցով:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համար արդարադատության կայացած համակարգն առանցքային նշանակություն ունի: Անկախ ու վստահելի դատարանները բարձրացնում են վստահության մակարդակը հասարակության մեջ, կարևոր նախապայման են տնտեսության մեջ ներդրումներ ներգրավելու, հետևաբար՝ տնտեսական աճի համար:

«Ազգային վերածնունդ» կուսակցության համար մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքները և ազատությունները բացարձակ արժեք են: Մեր երկրի հզորությունը պայմանավորված է Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանվածության մակարդակից: Ինչքան պաշտպանված են բնակիչների իրավունքները, այնքան նրանք իրենց վստահ են զգում երկրի զարգացմանը մասնակցելու տեսանկյունից:

Կուսակցությունը գտնում է, որ պետությունը պետք է անկախ հանձաժողովի միջոցով գումարներ հատկացնի քաղաքացիական հասարակության ֆինանսավորմանը՝ հատկապես ուշադրություն դարձնելով իրավապաշտպան կազմակերպություններին և անկախ մամուլին:

 

 

Վերջաբանի փոխարեն

Հարգելի՛ ընտրողներ,

Վերը ներկայացված ծրագիրը «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամների, անկախ փորձագետների, գիտնականների, պետական շինարարության մեջ հսկայական փորձ ունեցող մարդկանց համատեղ ստեղծած փաստաթուղթ է։ Այն հիմնված է իրատեսական հաշվարկների և մանրակրկիտ վերլուծությունների վրա։

Մենք ակնկալում ենք ձեր քվեն՝ պետական կառավարման ոլորտում անհրաժեշտ լծակներն ստանալու և մեր խոստումները կյանքի կոչելու համար։

Արցախն ամուր և զարգացող պետք է լինի ոչ միայն իր պաշտպանունակությամբ, այլ նաև ժամանակակից պետական կառավարման համակարգով, որի պայմաններում պետք է բացառվի քաղաքական մենաշնորհը, պետք է ստեղծվեն իշխանության օրենսդիր, գործադիր և դատական ճյուղերի միջև զսպումների ու հահակշիռների մեխանիզմներ։

Արցախը հզոր պետք է լինի նաև իր տնտեսական հարաբերություններով ու իրավական առումով պաշտպանված քաղաքացով։

Մենք հավատում ենք Արցախի ու հայության հաղթանակին։ Լավատես ենք և ուզում ենք դրական փոփոխություններ։

«Ազգային վերածնունդը» փորձի և երիտասարդության համադրություն է, որը ցանկացած թիմի հաջողության գրավականն է։ Մենք հաղթանակ ենք մաղթում նախ և առաջ արցախցուն, ապա՝ ինքներս մեզ։

Եկել է ազգային վերածննդի ժամանակը։

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>