Ջերմաջուր: Արցախյան առողջարան և հանքային ջուր. մոռացված հնարավորություն

qarvachar_jermajur_pokr

Մեզ մոտ ընդունված է շատ խոսել ազատագրված տարածքների յուրացման և վերաբնակեցման, շրջաններում ենթակառուցվածքների ստեղծման մասին: Բնական է, որ շրջանների բարգավաճումը երկրի զարգացման, պետական անվտանգության հիմքն է: Ազատագրված հայրենիքի այդպիսի մի մասնիկներից է Քարվաճառը, որը անկարագրելի հարուստ և գողտրիկ մի երկրամաս է: Տարբեր փորձագետներ հաճախ են պնդում, որ Քարվաճառի տնտեսական զարգացման և վերաբնակեցման մեջ որոշիչ դեր պետք է խաղա գյուղատնտեսությունը և մասնավորապես անասնաբուծությունը:

Սակայն գրեթե ոչ-ոք չի ցանկանում նկատել Քարվաճառում գոյություն ունեցող տնտեսական այլ հնարավորությունները: Այդպիսի հնարավորություններից է առողջարանային բուժումը և, որպես հետևանք, զբոսաշրջությունը ու հանքային ջրի գործարանի վերականգնումը: Այդ մասին կխոսենք ստորև:

Անդրադառնանք քննարկվող հարցի պատմությանը: Հատված «ԽՍՀՄ արհմիությունների առողջարանները» տեղեկագրքից. «Համամիութենական նշնակության առողջարաններից է, գտնվում է Ղարաբաղյան բարձրավանդակի հյուսիս-արևմտյան մասում ծովի մակարդակից 2225 մետր բարձրության վրա (մաքուր և թափանցիկ օդ` արևային օրերի առատությամբ: Տարեկան տեղումների քանակը` 600 մմ ):

Հիմնական բուժիչ միջոցները`թերմալ ածխաթթվային, հիդրո-կարբոնատո-քլորիդո-ծծմբա-նատրիումային ջրեր, որոնք օգտագործվում են խմելու և վաննաների համար: Այդ ջրերը համանման են Հայկական ԽՍՀ Ջերմուկ և Չեխոսլովակիայի Կառլովի Վարի առողջարաններին: «Իստի-Սու» (Ջերմաջուր) առողջարանը ունի 600 ամառային և 250 ձմեռային տեղ: Կա նաև վաննաների շենք` աղիքային և ստամոքսային լվացումների բաժանմունքներով, ինչպես նաև անհրաժեշտ բուժիչ-դիագնոստիկ կաբինետներ: Վաննաների միջոցով բուժումից բացի օգտագործվում է նաև Էլեկտրո-լուսային բուժում և բուժական մարմնամարզություն: Կա ատամնաբուժարան, ինչպես նաև ակումբի շենք, գրադարան և խաղասրահ»

Խորհրդային հետազոտությունների համաձայն` «Իստի-Սու» (Ջերմաջուր) առողջարանի հանքային աղբյուրների ընդհանուր դեբիտը կազմում է վայրկյանում 200 հազար լիտր և ունի +58+65 °C, որը իր կազմով նման է «Կարլովի Վարի» առողջարանի ջրերին: Աղբյուրների հանքային ջրերը (որոնք գտնվում են 2400 մետր բարձրության վրա և առողջարանից 1,5 – 2 կմ հեռու են) սառը ռադոնային են և օգտագործվում են լոգանքների համար սրտանոթային համակարգի, հենաշարժողական ապարատի և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Առաղջարանը հիմնվել է 1927 թվականին:

Որպես հիմք վերցնենք 250 ստացիոնար տեղ ունեցող տարբերակը: Առողջարանների համար լավ արդյունք է հանդիսանում տարեկան կտրվածքով 70 տոկոսանոց ծանրաբեռնվածությունը, այսինքն 175 մահճակալ/տեղ այս դեպքում: Օգտագործելով պահպանողական մեթոդը` հաշվենք օրական 150 մահճակալ/տեղ և 360 օր: Այդ դեպքում ունենալու ենք 54000 մահճակալ/օր տարեկան կտրվածքով: Եթե մեկ մահճակալ/օրը հաշվենք 30 դոլար միջին գնով, ապա այդ առողջարանային ձեռնարկության կարող է ունենալ 1-1,5 միլիոն դոլար տարեկան հասույթ:

250 տեղանոց առողջարանի և հանքային ջրի գործարանի վերականգնումը 10 միլիոն դոլլար կարժենա: Այս գումարի մեջ է մտնում նաև սարերում որսորդությամբ զբաղվել ցանկացող մարդկանց համար քեմփինգը: Կառավարության ճիշտ քաղաքականության դեպքում, որը կապահովեր նպաստավոր մթնոլորտ ներդրողների համար, ինչպես նաև սեփականության իրավունքը պաշտպանող օրենքների գոյության դեպքում, ոչ միայն հայերը, այլև օտարերկրացիները ուրախ կլինեին միջոցներ ներդնել այդ առողջարանային համալիրի մեջ: Ծրագրի ծախսերը հնարավոր կլինի ծածկել 10 տարվա ընթացքում: 2500 մետր բարձրության վրա (առողջարանից բարձր)` Թախթա (Դաշտակ) բնասահմանում, կարելի է հրապարակ պատրաստել, որը կարող է ընդունել ուղղաթիռներ և փոքր ավիացիայի ինքնաթիռներ:

Այս և այլ առողջարանային ձեռնարկությունների գործունեության վերականգնման համար անհրաժեշտ է վերականգնել նաև նախկինում գործող սոցիալական ապահովագրության համակարգը ժամանակակից բժշկական ապահովագրության շրջանակներում: Այդ քայլը նպաստելու է ներքին զբոսաշրջության զարգացմանը և թույլ է տալու քաղաքացիներին 2-3 տարում մեկ անգամ հանգստի և բուժման համար ուղեգրեր ստանալ դրանց իրական գնի 10 տոկոսով: Բոլոր նորմատիվ իրավական փաստաթղթերը պատրաստվել են դեռևս ԽՍՀՄ տարիներին: Ծառայությունների ոլորտի այս ուղղությունը երբեք դոտացիոն չի եղել: Քաղաքացիները, վերջին հաշվով, իրենք են վճարել գումարը: Յուրաքանչյուր նորը լավ մոռացված հինն է:

 

Այժմ վերադառնանք գործարանի թեմային: Այնուամենայնիվ խորհրդային տարիներին, բոլոր թերություններով հանդերձ, եթե պետությունը ներդրում էր կատարում, ապա այն գիտականորեն հիմնավորվում էր տարբեր մասնագետների կողմից, որոնք ծանոթով չէին գործի ընդունվում:

Այդ իսկ պատճառով նպատակահարմար է գտնել Ջերմաջուրի հանքային գործարանի մասին խորհրդային տարիներից պահպանված որոշ տեղեկություններ: Առաջին հերթին համեմատենք Ջերմաջուր, Կարլովի Վարի և Ջերմուկ հանքային աղբյուրների ջրի քիմիական կազմի բանաձևերը:

Ջերմաջուրի № 1 հորատանցք (ջրի ջերմաստիճանը` 61 °C). СО20,5М5,0(НСО350СL33SO415/Na79Ca12)T61opH6,6

Ջերմուկի № 9 աղբյուր (ջրի ջերմաստիճանը`64°С ). M4,53CO20,54(HCO358SO427CL14/Na73Ca11Mg11)

Կարլովի Վարիի Շպրուդել աղբյուր (ջրի ջերմաստիճանը`73°С). CO20,4M6,4(SO440HCO340CL20/(Na+K)89Ca6Mg5)

Կարևոր տարբերությունը Կարլովի Վարիի ջրի մեջ ամոնյակ կատիոնի և հիդրոարսենատ անիոնի գոյությունն է, որոնք բացակայում են Ջերմուկում և Ջերմաջուրում: Ինչպես տեսնում ենք, այդ ջրերը իսկապես նման են իրենց կազմով:

Ձեզ ենք ներկայացնում պրոֆեսոր Ա. Ալեքսանդրովի աշխատությունից մի հատված. «Ջերմուկը մեծ ապագա է ունենալու, հավանաբար ավելի մեծ, քան Հայաստանի այլ աղբյուրները: Այդ աղբյուրը հազվահյուտ է, քանի որ 60°С ջերմաստիճան ունի և իր քիմիական կազմով նման է Եվրոպայում այդ տիպի միակ առողջարանի` Կարլսբադին (Կարլովի վարի), որը գտնվում է Չեխիայում»

Այժմ անցնենք գործարանին:

Խորհրդային տարիներից պահպանված տեղեկությունների համաձայն`գործարանի արտադրողականությունը տարեկան կտրվածքով կազմում էր հանքային ջրի 20 միլիոն շիշ (0,5 լիտր):

Կարելի է փորձել հաշվել գործարանի վերականգնման դեպքում վերջինիս հնարավոր հասույթը: Եթե հաշվենք, որ գործարանը տարեկան 20 միլիոն շիշ հանքային ջուր է արտադրում, և 0,5 լիտր տարողությամբ շշի գինը մեկ դոլար է, ապա տարեկան հասույթը կազմելու է 20 միլիոն դոլար: Հաշվի առնելով մեծածախ գնորդներին հատկացվող 50% զեղչը` գործարանի հասույթը կազմելու է տարեկան մոտավորապես 10 միլիոն դոլար:

Փորձենք հաշվել, թե ինչ արժե հանքային ջրի գործարանը` համալրված ժամանակից արտասահմանյան (իտալական) սարքավորումներով: Օրինակ, Ժելեզնովոդսկի (Ռուսաստան, Ստովրոպոլի երկրամաս) «Տեստի» գործարանում, որը շահագործման մեջ է մտցվել 2003 թվականին, արտադրվում են «Սլավյանսկայա» «Սմիրնովսկայա» «Եսենտուկի №4» «Եսենտուկի №17» հանքային ջրերը: Գործարանը զբաղեցնում է 4000 քառակուսի մետր տարածք, արտադրում է տարեկան 21,6 միլիոն շիշ հանքային ջուր: Գործարանը լավ վիճակում է գտնվում: 2007 թվականին այն վաճառքի էր հանվել, և բրոքերների կողմից առաջարկվող գինը տատանվում էր 8-11 միլիոն եվրոյի շրջանում: Կլորացնելով` կարելի է հաստատել, որ ներդրումների ընդհանուր ծավալը հավասար է 10 միլիոն դոլարի: Հաշվի առնելով շինարարութունը, սարքավորումների մոնտաժը և առաջին ամիսները վնասով աշխատելու ակնկալիքը`օբյեկտը կհանի ծախսերը 2 տարվա ընթացքում:

Ջրի բարձր որակը թույլ է տալիս ենթադրել, որ շուկաներ գտնելը բավականին հեշտ է լինելու: Այդպիսի շուկաներ կարող են լինել Իրանը, Մերձավոր արևելքի երկրները և Ռուսաստանը: Եթե որպես հիմք ընդունենք արտադրողներին առաջարկվող 1 դոլար մանրածախ գինը և 50 տոկոսանոց մեծածախ զեղչը, ապա կարելի է վերոնշյալ երկրներում ընկերություններ գտնել, որոնք կցանկանան առաջ տանել արտադրանքը իրենց շուկաներում:

Վերին հատվածում գտնվող օբյեկտի (Ջերմաջուր) հաջող գործարկման դեպքում, որը տարեկան 20 միլիոն շիշ արտադրական հզորություն է ունենալու, կարելի է դիտարկել նաև ստորին հատվածում երկրորդ գործարանի գործարկման մասին (այդ հատվածը Քարվաճառից 11,5 կմ հեռավորության վրա է գտնվում): Այստեղ պետք է ուշադրություն դարձնենք մի կարևոր մանրամասնության վրա: Քանի որ վերին հատվածում կան 27 խորանարդ մետր/ժամ ընդհանուր դեբիտով 4 հորատանցք (1 ժամում 54000 շիշ), իսկ գործարանի համար հարկավոր է մոտավորապես 7 խորանարդ մետր (1 ժամում 10000 շիշ), ապա առողջարանային համալիրի համար մնում է 20 խորանարդ մետր/ժամ: Որևէ կասկած չկա, որ այդպիսի հնարավորության պահպանումը նպատակահարմար է: Իսկ ստորին հատվածում կարելի է վերցնել ողջ ջուրը` դիտարկելով հանքային ջրի ջրմուղի կառուցումը մինչև Քարվաճառ:

Ստորին հատվածի երկու հորանցքների ընդհանուր դեբիտը 13,5 մ3/ժամ է (մեկ ժամում 27000 շիշ): Հանքային ջուրը պլաստիկ շշերի մեջ լցնող Ժամանակակից ավտոմատացված գծերի գոյության պայմաններում երկրորդ գործարանի հզորությունը կարող է լինել 20000 շիշ/ժամ կամ 40 միլիոն շիշ/տարի: Գործարանը իր սարքավորումներով համարժեք է առաջին գործարանին: Պլաստիկ շշերով հանքային ջրի գինը ավելի ցածր է, բայց ցածր է նաև ինքնարժեքը:

Տեսականորեն այդ երկու գործարանները կարող են տարեկան կտրվածքով 20-30 միլիոն դոլլարի հավասար դրամական հոսք ստեղծել: Ժամանակակից ավտոմատացված գծերը մեծ թվով աշխատողներ չեն պահանջում, բայց այդ արտադրությունը նոր հնարավորություններ է ստեղծում այլ ոլորտների համար` շշերի արտադրության, տրանսպորտային փոխադրումների և առևտրի:

Առողջարանային համալիրի հետ այդ երեք փոխկապակցված օբյեկտները կարող են թե փոխլրացնել միմյանց, թե աշխատել անկախ: Առաջին գործարանը և առողջարանը ֆինանսական կայունության համար նպատակահարմար է միավորել մեկ իրավաբանական անձի տեսքով: Առաջին գործարանի հաշվին ֆինանսավորելով երկրորդի շինարարությունը և գործարկումը` առաջինը առողջարանային համալիրի պրոյեկտի հետ կարելի է աճուրդի հանել: Այդ դեպքում սակայն պետք է վերագանգնել առողջարանային ապահովումը հայկական զույգ հանրապետությունների քաղաքացիների համար:

Այսպիսի պրոյեկտները չափազանց կարևոր են Արցախի զարգացման և բարգավաճման համար: Վստահությամբ կարելի է նշել, որ վերջին 20 տարիները բաց թողված հնարավորությունների տարիներ են եղել: ՀՀ և ԼՂՀ ղեկավարները պետք է փոխեն սփյուռքի հետ գոյություն ունեցող հարաբերությունների բնույթը և բարեգործական հանգանակությունների փոխարեն փորձեն սփյուռքահայ ներդրողների ուշադրությունը ուղղել այս և այլ ծրագրերին: Նրանք պարտավոր են նաև երկրում նպաստավոր բիզնես մթնոլորտ ստեղծել, տրամադրել ներդրողներին իրենց իրավունքների և շահերի պաշտպանության երաշխիքներ ու ապահովել օրենքի գերակայության սկզբունքը երկրի տարածքում:

Էդուարդ Առաքելյան

Ռոլես Արմենյան

«Վերածնունդ» պաշտոնաթերթ, մարտ 2015թ.

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>