Օլիգարխիկ-կոռուպցիոն մարտահրավեր արցախյան հասարակության համար

Hayk_KhanumyanԶարգացած օլիգարխիկ-կոռուպցիոն տնտեսական հարաբերությունները, որի հիմնական հատկանիշներն են հանրային միջոցների օգտագործումը իշխանավորների բիզնեսի սպասարկման համար, մենաշնորհների առկայությունը, փոքր ու միջին բիզնեսի թուլացումը և ռեսուրսների կենտրոնացումը քաղաքական իշխանությանը տիրացած անձանց մոտ, Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությանը սպառնացող ամենամեծ մարտահրավերն են: Այս հարաբերություններն էականորեն ազդում են երկրում առկա մթնոլորտի վրա, առաջացնում հուսալքություն, սոցիալական անապահովության և արդարության բացակայության զգացում, բերում արտագաղթի:

Արցախում հիմնական խնդիրներից մեկը թույլ գյուղերն են: Սակավ բնակչություն ունեցող արցախյան գյուղերը աչքի են ընկնում թույլ ենթակառուցվածքներով և եկամուտների սեփական աղբյուրների բացակայությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինները, սեփական բյուջեի հաշվին չկարողանալով նույնիսկ սեփական աշխատավարձերը բավարարել, իրական հակակաշիռ չեն կարողանում դառնալ կենտրոնական կառավարությանը և առաջ մղել իրենց շահերը: Փոքր, սահմանափակ և օլիգարխիայի կողմից վերահսկվող շուկան թույլ չի տալիս գյուղում արտադրված շատ մթերքների իրացումը: Խոսքը հատկապես վերաբերվում է մսամթերքին և կաթնամթերքին: Այսօր արցախյան գյուղում ոչ թե արտադրելու, այլ արտադրածը սպառելու խնդիր կա: Գյուղատնտեսական մթերքների, առավելապես մսամթերքի և կաթնամթերքի վերամշակման թերզարգացած համակարգը, պետության կողմից այդ ոլորտը խթանելու անկարողությունը բերում է գյուղացիների եկամուտների շեշտակի անկման:

Համայնքների եկամուտների ավելացման հարցում էական նշանակություն կարող է ունենալ պետական պահուստային հողերը համայնքներին բաժանելը: Սա զգալիորեն կմեծացնի տեղական բյուջեները, որոնց ձևավորման գործում առանցքային է հողահարկի դերը:

Ճիշտ կառավարման և պետության դերը լիիրավ գիտակցելու դեպքում Արցախի իշխանությունները փոքրիկ քայլերով կարող են զարգացման մեծ ներուժ ապահովել ոչ միայն Արցախի գյուղական վայրերի, այլև ամբողջ երկրի համար: Նման քայլերի չդիմելը, որոշ շրջաններում ընդհուպ ֆեոդալական կառավարման համակարգի տարրեր օգտագործելն ամբողջովին տեղավորվում են օլիգարխիկ-կոռուպցիոն տնտեսական հարաբերությունների տրամաբանության մեջ:

Սրանք փոքրիկ օրինակներ էին, որոնք ցույց են տալիս թե ինչպես է օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգը ազդում արցախյան գյուղի զարգացման վրա:

Արցախյան հասարակությունն իր մեջ ուժ պետք է գտնի մերժելու օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգը, որի մասին իրենց հրապարակային ելույթներում բացահայտ խոսում են արցախյան բարձարստիճան պաշտոնյաները: Միայն ուժեղ հասարակական հակազդեցությունը թույլ կտա երկիրը հետ պահել սխալ ուղուց և այն դնել զարգացման ռելսերի վրա: Հետևաբար այս պահին հարկավոր է ընդհանուր խնդիրներով մտահոգ գործիչների և գաղափարների աննախադեպ միավորում՝ փնտրելու զարգացման նոր բանաձևեր և հասարակությանը սպառնացող մարտահրավերը հաղթահարելու նոր ուղիներ:

Եվ բոլորովին կարևոր չէ, թե ինչ անունով է ներկայանում գործող օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգը, բոլորովին կարևոր չէ, թե այդ համակարգը դուք ասոցացնում եք Արայիկ Հարությունյանի, թե Արթուր Աղաբեկյանի կամ վերջիններիս իշխանությունը հնարավոր դարձնող խորհրդարանական երեք կուսակցությունների հետ: Խնդիրն այն է, որ ներկայիս որդեգրած տնտեսական քաղաքականության արդյունքում Արայիկ Հարությունյաններն ու Արթուր Աղաբեկյաններն անխուսափելի են, ավելին, նրանք օր օրի դառնալու են ավելի կեղեքիչ և նոր լծակներ ձեռք բերելով ավելի են թուլացնելու երկիրը՝ մեծացնելով սեփական հարստության չափը հանրային միջոցների հաշվին: Արցախյան հասարակության գլխավոր խնդիրը պետք է լինի նման համակարգի բացառումը: Սրանով պետք է շահագրգռված լինեն բոլոր համայնքապետերը, սեփական համայնքների զարգացմամբ շահագրգիռ քաղաքացիները, փոքր ու միջին բիզնեսը, Արցախում ներդրումներ կատարելու պատրաստ արտերկրի մեր հայրենակիցները: Այս համակարգի դեմը չառնելու դեպքում Արցախին սպասվում է հետևյալը. գյուղացիները զրկվելու են սեփական հողակտորներից, դրանք կենտրոնանալու են օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգի ներկայացուցիչների ձեռքերում, տեղի է ունենալու տնտեսության բոլոր ոլորտների կենտրոնացում, որոնց վերահսկողությունը նույնպես անցնելու է օլիգարխիայի՝ իշխանությունը սեփական շահերի համար օգտագործող բիզնեսմենների ձեռքը, օտարերկրյա ներդրումների դեպքում աշխատելու է համակարգի ներկայացուցիչների կողմից փայ մտնելու մեխանիզմը: Սա ոչ թե չար գուշակություն է, այլև Արցախի իշխանությունների կողմից ներկայումս վարվող տնտեսական քաղաքականության տրամաբանական շարունակությունը:

Այս սցենարը կանխելու մի ձև գոյություն ունի. արցախյան հասարակությունը պետք է կարողանա քաղաքականապես ինքնակազմակերպվի: Սա բավականին բարդ գործընթաց է, քանզի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ ռեսուրսների մեծ մասը գտնվում է վերոնշյալ օլիգարխիկ-կոռուպցիոն համակարգը սպասարկող ուժերի ձեռքում: Ավելին, իշխանություններն ունեն վարչական ռեսուրս, կաշառելու, վախեցնելու, աշխատանքից ազատելու/տեղավորելու, հանրային կարծիքը խեղաթյուրելու մեծ հնարավորություններ: Այս համակարգից դուրս հասարակության ինքնակազմակերպման համար հարկավոր է լինելու մեծ ռեսուրսներ, ամենից առաջ՝ քաղաքացիների կողմից այս ինքնակազմակերպման անհրաժեշտության գիտակցում և գործնական քայլերի դիմելու կարողություն:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը ստեղծվել է այս գիտակցությունն ունեցող և գործնական քայլերի պատրաստ անձանց կողմից, այն քաղաքական հարթակ է, որը թույլ է տալու Արցախի զարգացման ընդունելի տարբերակ մշակել, քան կարող է լինել օլիգարխիկ- կոռուպցիոն հետադիմական համակարգը:

Հայկ Խանումյան

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>