Հասարակության ուժեղացումը՝ Արցախի զարգացման գրավական

hayk_khanumyan

Վերջին մի քանի տարիներին Արցախում տեղի են ունեցել հատկանշական փոփոխություններ, որոնք դրականորեն են ազդել հասարակության զարգացման վրա: Նույնիսկ անզեն աչքով կարելի է նկատել այդ զարգացումները: Եթե հինգ տարի առաջ իշխանությունների նկատմամբ քննադատությունը վերջիններիս կողմից ընդունվում էր հիվանդագին, հասարակության մեջ նույնիսկ ցածրաձայն խուսափում էին հակաիշխանական զրույցներից, երկրում «տիրապետում» էր իշխանությունների կողմից հռչակված կեղծ միասնության մթնոլորտը, ինչն էլ 2010թ. բերեց Արցախի պատմության մեջ ամենախայտառակ խորհրդարանական ընտրություններին (խորհրդարանական բոլոր տեղերը բաժանվեցին ըստ իշխանական ուժերի միջև պայմանավորվածության), ապա այսօր վիճակը բոլորովին այլ է: Ոչ միայն ընդդիմադիր գործիչների կողմից է անընդհատ հնչում քննադատություն տարբեր թեմաների շուրջ, այլև բազմաթիվ արցախցիներ են իրենց դժգոհությունը հայտնում սոցիալական ցանցերով, էլեկտրոնային լրատվամիջոցներով, կազմակերպվում են բողոքի ակցիաներ և այլն:

Իմ կարծիքով, այս փոփոխությունների համար էական նշանակություն են ունեցել երկու գործոն: Առաջինն ինտերնետի զարգացումն էր: Թեև Արցախում վաղուց ինտերնետ կար, սակայն բավականին թանկ գները, ցածր արագությունը թույլ չէին տալիս բնակչության զգալի հատվածին որակյալ կապ ունենալ: 2011թ.-ից սկսվեց քիչ թե շատ արագ ինտերնետի հասանելիությունը, ինչն էլ շեշտակի մեծացրեց օգտատերերի քանակը, մեծացավ ակտիվությունը սոցիալական ցանցերում, հասանելի դարձավ այլընտրանքային տեղեկատվությունը:

Երկրորդ կարևոր գործոնը 2012թ. հուլիսին տեղի ունեցած նախագահական ընտրություններն էին: Ընդդիմադիր թեկնածու Վիտալի Բալասանյանը բավականին կոշտ քննադատության ենթարկեց իշխանություններին, այդ ամենը հասանելի դարձավ բնակչության մեծամասնությանը նախընտրական հանդիպումների, հեռուստատեսային ելույթների, էլեկտրոնային լրատվամիջոցների, քարոզչական նյութերի միջոցով: Եթե նախկինում իշխանությանը քննադատողներին փորձում էին տարբեր պիտակներ կպցնել՝ նույնացնելով նրանց  օտարերկրյա շրջանակների հետ, ապա Բալասանյանի դեպքում այս մարտավարությունն անօգուտ էր. Արցախի հերոսի արժանիքներն անիմաստ էին դարձնում իշխանական քարոզչության օգտագործած հնացած մեթոդները:

Այս երկու գործոնն էական նշանակություն ունեցան Արցախում հասարակական զարգացման տեսանկյունից: Սակայն այս ձեռքբերումները վտանգված կլինեն, եթե նոր քայլեր չձեռնարկվեն հասարակության ուժեղացման տեսանկյունից:

Այժմ հասել ենք մի փուլի, երբ ազատ խոսքը, քաղաքացիների ազատ արտահայտումը բավարար չէ որակական նոր փոփոխություններ ակնկալելու համար: Արցախյան հասարակությունն ինտիտուցիոնալ զարգացման կարիք ունի, որը նոր խթան կհանդիսանա պետականաշինության համար:

Կան երեք բաղադրիչներ, որոնք այս պահին կարիք ունեն աջակցության և հզորացման: Ուժեղ ընդդիմադիր քաղաքական ուժ(եր), ուժեղ անկախ լրատվամիջոցներ և իրավապաշտպան կազմակերպություններ:

Հարկավոր է ժողովրդին մատուցել կառավարություն ձևավորած և Ազգային ժողովում ներկայացված իշխանական կուսակցությունների մոտեցումներից տարբերվող նոր գաղափարներ, զարգացման նոր տեսլականներ, քաղաքական գործիչների նոր սերունդ, որոնք իրական մրցակցություն կհաղորդեն քաղաքական դաշտին՝ նպաստելով նրա զարգացմանը: Անկախ լրատվամիջոցները կարևոր գործիք կդառնան խնդիրների վերհանման և իշխանությունների նկատմամբ հասարակական վերահսկողության տեսանկյունից: Իրավապաշտպան կազմակերպությունները կօգնեն մարդկանց իրենց իրավունքները պաշտպանել դատարաններում, ժողովրդի մոտ կմեծացնեն իրավական գրագիտության աստիճանը, նրանց ակտիվ գործունեությունը մեծապես կնպաստի երկրում արդարադատության որակի բարձրացմանը:

Եթե ուժեղ քաղաքական ուժ ստեղծելու բացառիկ իրավունքը պատկանում է Արցախի բնակիչներին, ապա անկախ լրատվամիջոցների և իրավապաշտպան կազմակերպությունների ներուժի բարձրացմանը կարող են մասնակցել Արցախով մտահոգված հայության այլ հատվածներ ևս՝ հայաստանյան, սփյուռքի հիմնադրամներ, անհատ անձինք: Այս գործընթացները կարևորագույն նշանակություն կարող են ունենալ Արցախի հետագա զարգացման տեսնակյունից: Մենք այսօր հասել ենք մի փուլի, երբ երկրի զարգացումն առանց հասարակության ուժեղացման անհնարին է:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունն այս բաղադրիչներից իր վրա է վերցրել քաղաքական բաղադրիչը՝ ուժեղ ընդդիմադիր քաղաքական ուժի ստեղծումը: Մենք առաջիկայում ևս անելու ենք ամեն բան՝ Արցախի քաղաքական համակարգի զարգացման, քաղաքական հասարակության որակների բարձրացման, քաղաքական մրցակցության մեծացման համար:

Հայկ ԽԱՆՈւՄՅԱՆ

«Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ

 «Վերածնունդ» պաշտոնաթերթ, 1-15 նոյեմբերի, 2014թ.

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>