Ինչպե՞ս է ֆինանսավորվում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը

Մեր շատ քաղաքացիների է հետաքրքրում թե՞ ինչպես է ֆինանսավորվում «Ազգային վերածնունդ» կուսակցությունը և արդյո՞ք մեծ ծախսեր են պահանջվում կուսակցության գործունեության համար:

Պատասխանելով այս հարցին՝ ցանկանում ենք նաև կուսակցության կարծիքը հայտնել ֆինանսավորման սկզբունքների մասին:

«Ազգային վերածնունդ» կուսակցության բյուջեն մեծ չէ, այն գոյանում է կուսակցության անդամների և համակիրների նվիրատվություններից (անդամավճարի հստակ մեխանիզմ կուսակցության գործադիր մարմինը դեռևս չի մշակել): Այդ գումարը հիմնականում ծախսվում է  «Վերածնունդ» պաշտոնաթերթի տպագրման և կուսակցության գրասենյակի վարձակալման համար:

Կուսակցության բյուջեն մեծամասամբ ձևավորվում է 1000-5000 դրամ արժեցող փոքր նվիրատվություններից: Մենք համարում ենք, որ կուսակցությունն անկախ է միայն այն դեպքում, երբ ֆինանսական նվիրատվություններ է ստանում բազմաթիվ քաղաքացիներից: Մեկ կամ մի քանի հոգու կողմից ֆինանսավորվող կուսակցությունը ենթակա է այս մի քանի հոգուն ծառայելուն, բազմաթիվ քաղաքացիների կողմից ֆինանսավորվող կուսակցությունը պաշտպանելու է հասարակության շահերը, քանզի հակառակ դեպքում կզրկվի այդ նույն հասարակության անդամների ֆինանսական և բարոյական աջակցությունից: Ֆինանսավորվելով արցախյան հասարակությունից՝ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հանդես է գալիս մեր հասարակության շահերի պաշտպանությամբ: Մենք հանդիպումներ ենք նախաձեռնում հասարակության տարբեր խմբերի և շերտերի հետ՝ նրանց խնդիրները համատեղ ձևակերպելու և դրանց քաղաքական լուծման ուղիները գտնելու համար:

Թեև մեր կուսակցության գործունեության համար առաջնահերթ է կուսակցության անդամների և համակիրների քաղաքական դաշտում մրցակցային մթնոլորտ ապահովելու ձգտումը, սակայն պետք է նկատենք, որ ֆինանսները նույնպես կարևոր նշանակություն ունեն գործունեության ոլորտներն ընդարձակելու համար:

Եթե ձեզ դուր է գալիս մեր կուսակցության գործունեությունը և դուք ցանկանում եք ֆինանսապես աջակցել այդ գործունեությանը՝ կարող եք այն անել բանկային փոխանցման կամ նվիրատվության միջոցով: Արցախյան գրանցում ունեցող քաղաքացիները և ձեռնարկություններն իրենց նվիրատվությունները կարող են փոխանցել «Ազգային վերածնունդ» կուսակցության բանկային հաշվին՝ Արցախբանկ, 22311013482000:

Կուսակցության հետ համագործակցության կամ անդամակցության հարցերով կարող եք կապվել կուսակցության ղեկավար և տարածքային կառույցների հետ:

 Ստեփան Գրիգորյան

ԱՎԿ Գործադիր մարմնի անդամ

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>