Արցախի Հանրապետության բյուջեն անձնավորված է

Vahan-Badasyan (3)

Հարցազրույց Արցախի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանի հետ:

-Պարոն Բադասյան, սեպտեմբերի 3-ից Հայաստանում մտահոգիչ գործընթացներ են սկսել, որը շարունակվեց խայտառակ գազային պայմանագրով: Ի՞նչ ազդեցություն կունենա այս ամենն արցախյան կարգավորման գործընթացի վրա:

-Արցախյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին ժամանակներս մտահոգիչ երևույթներ են տեղի ունենում: ՀՀ իշխանությունների որակները, Հայաստանի ինքնիշխանությունը զիջելու, տնտեսական կարևոր լծակներն օտարներին հանձնելու գործողություններն անընդունելի են հայ ժողովրդի կողմից: Ցավոք, ՀՀ իշխանությունները սեփականաշնորհել են նաև Արցախյան կարգավորման բանակցություններ վարելու իրավունքը` դուրս մղելով Արցախին որպես բանակցությունների ճանաչված կողմ:

Հայաստանում քաղաքական ուժերի դասավորությունը ցույց է տալիս, որ խորհրդարանական մեծամասնությունն այս իշխանությունների հլու հնազանդ կցորդն է և պատրաստ է վավերացնել հայոց ինքնիշխանությունը սահմանափակող և նսեմացնող յուրաքանցյուր ակտ: Զգուշացնում եմ, որ նման քայլերի համար յուրաքանչյուր պատգամավոր անհատական պատասխանատվություն է կրում և որ պատասխան տալու ժամանակը գալու է:

-Ի՞նչ եք առաջարկում այս մարտահրավերներին դիմակայելու համար:

Անհրաժեշտ է ցուցաբերել Արցախի ժողովրդի, իշխանությունների և ընդդիմության միասնությունը Արցախը բանակցությունների լիարժեք կողմ վերադարձնելու համար, իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է հանդես գա որպես Արցախի Հանրապետության և նրա ժողովրդի անվտանգության երաշխավոր:

ՀՀ իշխանությունները, նրանց կրկնելով նաև մեր իշխանություններն անընդհատ ասում են, որ Արցախի ճակատագրի որոշման գործում վերջնական խոսքը պատկանելու է Արցախի ժողովրդին: Սրանք լոկ բառեր են, քանզի վերջին խոսքը սովորաբար պատկանում է դատապարտյալին և իրադարձությունների նման զարգացումների դեպքում հնարավոր է գա մի օր, երբ չեն հարցնի այդ վերջին խոսքը և ժողովրդի գլխին կփաթաթեն ցանկացած որոշում, ինչն այսօր գաղտնիք չէ և դրված է բանակցային սեղանի վրա:

Այս ամենից խուսափելու համար առաջարկում եմ հանրաքվեով ընդունել Արցախի անվտանգության հայեցակարգ, որով հստակ կսահմանվեն արցախցիների դիրքորոշումները արցախյան կարգավորման շուրջ և որը կդառնա ուղեցույց բանակցություններին մասնակցող Արցախի ներկա և հետագա իշխանությունների համար:

Աշխարհը սովոր է ճանաչել հստակ ձևակերպված ազգային ցանկությունները և սովոր է հաշվի նստել դրանց հետ: Նման ձևակերպված ազգային ցանկությունների բացակայությունը հնարավորություն է տալիս միջազգային դերակատարներին ներկայացնել ցանկությունների իրենց օրակարգը, որը չի համընկնում մեր ազգային իղձերի հետ:

Արցախի ժողովրդի այս հստակ կեցվածքի դեպքում ճանաչումն անխուսափելի է: Աշխարհի քաղաքական քարտեզի վրա վերջին հարյուրամյակում բազմաթիվ պետություններ են առաջացել և նրանք բոլորն էլ նմանատիպ ճանապարհներով են անցել:

-Դեկտեմբերի 26-ին Ազգային ժողովը հաստատեց Արցախի 2014թ. բյուջեն: Կողմ են քվեարկել 30 պատգամավոր, իսկ դեմ՝ երկու պատգամավոր՝ Վիտալի Բալասանյանը և Դուք: Ինչո՞ւ եք դեմ քվեարկել բյուջեի նախագծին:

Ես դեմ եմ քվեարկել բյուջեի նախագծին, քանզի այնտեղ բացակայում էր վերաբնակեցման քաղաքականությունը, ինչը հանդիսանում է մեր անվտանգության կարևոր բաղադրիչներից մեկը: Կարող ենք փաստել, որ կառավարությունն ընդհանրապես հրաժարվել է այս քաղաքականությունից, քանզի արդեն որերորդ տարին է վերաբնակեցման համար գումարներ չի հատկացնում: Երկրորդ կարևոր պատճառն այն էր, որ կենսաթոշակների ավելացում գրեթե չի լինելու, ինչը գնաճի ֆոնին բերելու է բնակչության մի զգալի հատվածի էլ ավելի աղքատացմանը: Եվ սա այն դեպքում, երբ բարձրաստիճան պաշտոնյաների և ծառայողների աշխատավարձերը բարձրանալու են 160-180 տոկոսով: Ուռճացված են նաև պետական ապարատի պահպանման, ծառայողական մեքենաների գնման և պահպանման ծախսերը:

Այս ամենն ավելի է մեծացնելու իշխանության և ժողովրդի միջև առկա ճեղքվածքը, ինչը վտանգավոր է մեզ նման հասարակությունների համար:

Ընդհանրապես ես համարում եմ, որ Արցախի պետական բյուջեն անձնավորված բյուջե է: Մեծամասնական ընտրակարգով ընտրված որոշ պատգամավորներ, օրինակ, առաջարկել էին այս կամ այն փողոցի նորոգման ծախսը նախատեսել բյուջեով: Սա այնքան էլ լուրջ չէ: Առանց անվտանգության հայեցակարգի ընդունման բյուջեն միշտ էլ լինելու է անձնավորված ու դժգույն, և որպես երկրի կարևորագույն օրենք, չի արտացոլելու մեր ժողովրդի ցանկությունները և նպատակները:

Հարցազրույցը՝ Լուսինե Հակոբյանի

«Ազգային վերածնունդ» կուսակցության  «Վերածնունդ» պաշտոնաթերթ #4

հղումը կուսակցության կայքին՝ պարտադիր է  http://avk.am/

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>