«Վերածնունդ» թերթը հարցազրույց է վարել Ղարաբաղյան շարժման նախաձեռնողներից Իգոր Մուրադյանի հետ:
-1980-ականների վերջին նախաձեռնելով ղարաբաղյան շարժումը, արդյո՞ք կպատկերացնեիք, որ 25 տարի անց որոշ հայ մտավորականներ այլ երկրի նախագահի հրավիրելու էին տեր կանգնելու Արցախին: Ո՞րն է այսպիսի անկման պատճառը:
-Նրանք ամենևին էլ մտավորականներ չեն, այլ պարզապես ռուսական հին հորինվածք, ավելի ճիշտ՝ ագենտուրա, որոնք իրենց ամբողջ կյանքը նվիրել են ռուսական ծառայությանը: Զարմանալի ոչինչ չկա, քանզի այս նույն ագենտուրան իրեն նույն ձևով էր պահում «ամբողջ ճանապարհին»: Նրանք ուղղակի այլ կերպ չեն կարող չվարվել, բայց անգամ դրա մեջ չի կայանում նրանց վտանգավորությունը: Օգտվելով նրանից, որ ղարաբաղյան հայերի ճնշող մեծամասնությունը «հասարակ» մարդիկ են, որոնք չունեն ոչ քաղաքական, ոչ ինտելեկտուալ փորձ` նրանք մարդկանց ուղեղների մեջ են խցկել իրենց` ամբողջովին վնասակար և վտանգավոր գաղափարները, որոնք Ղարաբաղին հատկացնում են ոտքերը սրբելու փալասի դերը: Այս մարդիկ երբեք ոչ մի բանի համար պատասխանատվություն չեն կրել, նրանք միայն ծառայություններ են մատուցել իշխանություններին` ամբողջ հիերարխիայով մեկ: Ամենակարևորը նրանց համար մակերևույթին մնալն է: Եվ պետք չէ մտածել, որ մենք պատկերավոր կերպով ենք հոգնակի թվով խոսում նրանց մասին: Դա մի հոգի չէ, բայց հենց Զորի Բալայանն է մեծ դեր խաղացել վարքագծի ու մտածելակերպի այսպիսի ծառայողամիտ ոճի ձևավորման գործում:
-Սովորաբար Արցախում քաղաքականությամբ զբաղվում են ընտրությունից ընտրություն, իսկ համապետական այս միջոցառումից հետո կրկին քաղաքական պասիվություն է նկատվում: Ձեր կարծիքով, ո՞րն է նման երևույթի պատճառը:
-Շարունակաբար էպիզոդիկ քաղաքականությամբ զբաղվելը համընդհանուր երևույթ է, որի պատճառը քաղաքացիական հասարակության թուլությունը կամ բացակայությունն է: Քաղաքացիական հասարակություն, որը պետք է սոցիալապես ակտիվ լինի բոլոր փուլերում: Կարևոր է հասկանալ, որ ընտրությունները հասարակական-քաղաքական գործընթացի վերջին փուլն է, իսկ ամենակարևոր խնդիրը քաղաքացիական հասարակության կերտումն է: Իշխանություն ունեցողները զգալի ջանք և ուշադրություն են ծախսում ոչ թե ընտրությունների ժամանակ, այլ իրենց համար գլխավոր սպառնալիքի՝ քաղաքացիական հասարակության ձևավորման դեպքում: Եթե չկա քաղաքացիական հասարակություն, դա չի նշանակում, որ հասարակություն ընդհանրապես չկա. այն կլինի, բայց կլինի արդեն որպես կրիմինալ հասարակություն:
- Այսօր Արցախում նոր սերունդ է մեծանում, որը Շարժման ժամանակ շատ փոքր է եղել և ընդհանուր առմամբ հետխորհրդային սերունդ է: Ինչպե՞ս եք գնահատում սերունդների գործոնը Արցախում փոփոխությունների գործում:
-Սերնդափոխությունն ամբողջովին հասկանալի և բնական է: Եթե նախորդ սերունդը ազգային ազատության նվաճման խնդիրն է լուծել, ապա այսօրվա սերունդը այլ խնդիր պետք է լուծի` հասնել սոցիալական ազատության: Որպես կանոն, երկրորդ խնդիրը պակաս դժվար չի լինում առաջինից: Ինձ վիճակվել է շփվել ղարաբաղյան նոր սերնդի ներկայացուցիչների հետ, նրանք խելացի և վճռական մարդիկ են: Նրանց կվախեցնեն հին տեխնոլոգիաներով, կվախեցնեն պատերազմով, հայրենիքի անվտանգության համար «համալիր մեղքով», գործի կդրվեն անձնական և հասարակական վախերը. մեր սերունդն այդ ամենը տեսել է: Չվախենա’ք ոչ ոքից, թո’ղ ձեզանից վախենան: Ղարաբաղյան շարժման հաջողության նախապայմաններից մեկն էլ միգուցե եղել է այն, որ այդքան էլ մեծ ուշադրություն չի դարձվել այն ժամանակներին ձևավորված հասարակությանը: Ամեն ինչ իր ժամանակն ունի, այժմ եկել է ձեր ժամանակը, այն իրականում ձերն է, չկասկածե́’ք դրանում: Ձեզ դժվար ժառանգություն է բաժին ընկել, բայց ամենակարևորն այն է, որ դուք ունեք ազատ Հայրենիք, և մի́ թողեք, որ ձեր Հայրենիքը շպրտեն թշնամու և «դաշնակիցների» սապոգի տակ:
-«Ազգային վերածնունդ» կուսակցությունը իրեն համարում է նոր սերնդի կուսակցություն, ընդդիմադիր է արցախյան ներկայիս իշխանություններին և Արցախում կիրառվող կառավարման տրամաբանությանն ընդհանրապես: Ի՞նչ խորհուրդներ կտայիք նորաստեղծ քաղաքական ուժին:
-Պետք չէ շտապել ընտրություններին մասնակցությամբ, ավելի լավ կլիներ սկզբից հստակորեն վերլուծել նախապատվությունները և կարողանալ անկախ մտածել: Սխալ կլիներ չափից շատ կիրառել ձեր նախորդների փորձը. այդ փորձը մեծամասամբ բացասական է: Փորձեք սկսել նոր էջից: Ինչպես ամբողջ հայության, այնպես էլ ղարաբաղցիների գլուխը թափ են տվել ու լցրել զգալի հոռետեսությամբ և դատապարտվածության զգացողությամբ: Իհարկե, պետք չէ ստեղծել «օազիս» անտարբերության, նյութապաշտության և հիմարության անապատում: Բայց փորձեք առաջ շարժվել` չշրջվելով աջուձախ. չափից շատ վնասակար մարդիկ կան, որոնք չեն լինի ձեր թշնամիները, անգամ միգուցե նաև կսիրեն ձեզ, բայց դուք ձեր գործունեությամբ նրանց հիշեցնելու եք, որ իրենց ժամանակն անցել է: Դա ձեզ չեն ների: Կան շատ այլ մարդիկ, և նրանք ձեզ կօգնեն, անպայման կօգնեն:
«Ազգային վերածնունդ» կուսակցության «Վերածնունդ» պաշտոնաթերթ #3
հղումը կուսակցության կայքին՝ պարտադիր է http://avk.am/