Արցախի հանրայինի ղեկավարությունն ընդդեմ բազմակարծության

stepan_grigoryan

Հարցազրույց «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Ստեփան Գրիգորյանի հետ

Օրեր առաջ «Ազգային վերածնունդ» կուսակցությունը հայտարարություն էր տարածել, որտեղ մեղադրանք էր ներկայացված Արցախի հանրային հեռուստատեսությանը՝ կուսակցության գործունեությունը չլուսաբանելու համար: ԼՂՀ Հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանը, «Հայկական ժամանակի» թղթակցին մեկնաբանելով  այս հայտարարությունը, նշել է, որ «Ազգային վերածնունդ» կուսակցության միջոցառումները չեն լուսաբանել այդ օրերին` ժամանակի եւ տեխնիկայի սահմանափակ լինելու պատճառով: Ըստ Գասպարյանի՝ հեռուստատեսությունը չի լուսաբանել «Ազգային վերածնունդ» կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսը, քանզի  նույն օրը պատմական նշանակություն ունեցող բժշկական կենտրոնի բացումն է եղել և իր սահմանափակ թվով տեսախցիկներն ու լրագրողներին ուղղել է կենտրոնի բացման արարողության լուսաբանմանը: Այս ամենի կապակցությամբ պարզաբանումներ է տվել «Ազգային վերածնունդ» կուսակցության գործադիր մարմնի անդամ Ստեփան Գրիգորյանը:

-Երևում է, որ Հանրային հեռուստատեսությունը և հատկապես հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահը բավականին զբաղված է և հավանաբար այդ զբաղվածության պատճառով էլ խառնում է իրադարձություններն ու ամսաթվերը-ասաց Ս.Գրիգորյանը:- Մեր կուսակցության պաշտոնաթերթի շնորհանդեսը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին, իսկ հիվանդանոցի բացումը՝ սեպտեմբերի 24-ին, հետևաբար Ն. Գասպարյանի արդարացումը չի համապատասխանում իրականությանը: Ավելին,  այս բացատրությունը մեզ մեկ անգամ ևս համոզեց, որ հեռուստատեսությունն ուղղակի անտեսում է ընդդիմադիր կուսակցության գործունեության լուսաբանումը և չի ապահովում բազմակարծություն հանրային միջոցներով գործող հեռուստատեսության եթերում:

-Այլ փաստարկներ ունե՞ք վերջին պնդման համար:

-Հանրային հեռուստատեսությունն անտեսել է նաև 2013թ. փետրվարի 24-ին տեղի ունեցած կուսակցության հիմնադիր համագումարի լուսաբանումը: Այդ դեպքում սա ինչպե՞ս բացատրել: Կամ պետք է ընդունենք, որ Արցախի հանրայինի տեխնիկական և մարդկային ռեսուրսների սահմանափակ լինելը համընկնում են մեր կուսակցության կազմակերպած միջոցառումներին կամ էլ պետք է ընդունենք, որ հատուկ քաղաքականություն կա ընդդիմության գործունեության լուսաբանման հետ կապված:

-Ի՞նչ քայլեր եք պատրաստվում ձեռնարկել նման վիճակը բացառելու համար:

-Կուսակցությունն իր գործունեության մասին հասարակությանը տեղյակ պահում է տարբեր եղանակներով՝ կուսակցության կայքով, սոցիալական ցանցերով, տպագիր պաշտոնաթերթով և հատկապես անմիջական հանդիպումներով: Հանրային հեռուստատեսությամբ բազմակարծության ապահովումը պետք է առաջին հերթին հետաքրքրեր դրա ղեկավարներին, քանզի վերջինս նաև օրենքի պահանջ է: Սակայն ստացվում է այնպես, որ հենց հեռուստատեսության ղեկավարությունն է ձեռնամուխ լինում բազմակարծության բացառմանը հանրային եթերում: Ի՞նչ պետք է անի կուսակցությունն այս դեպքում: Ավելի հաճախակի կդարձնենք անմիջական հանդիպումները բնակչության հետ, այդ թվում փորձելով հանրահավաքներ հրավիրել մայրաքաղաքում՝ մեր գաղափարները և ծրագիրը ժողովրդի լայն հատվածներին ներկայացնելու համար: Այլ տարբերակ, կարծես թե չի մնում:

Հարցազրույցը՝ Լուսինե Հակոբյանի

Լրագիր

Leave a reply

You may use these HTML tags and attributes: <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>